Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Զվարթնոցի» հին շենքը չի քանդվի (տեսանյութ)

Հասարակություն
cbfd168d80c8f219a490830c8acbe68b

«Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը չի քանդվի։ Այս մասին այսօր տեղեկացրեց Հանրային խորհրդի քաղաքաշինության եւ ճարտարապետության հարցերի ենթահանձնաժողովի նախագահ Գրիգոր Ազիզյանը։ Նրա խոսքերով՝ երկու օր առաջ իրենք մասնակցել են Քաղավիացիայի գլխավոր վարչությունում տեղի ունեցած քննարկմանը եւ եկել համաձայնության. «Կոնսեսիոների ներկայացուցիչը, որը ներկա էր մեր քննարկմանը, եւ ըստ երեւույթին, պարոն Էռնեկյանի խնդրանքով, ասաց, որ իրենք կվերանայեն մոտեցումները եւ կփորձեն պահպանել այդ շենքը։ Նրանց խոսքերով՝ շենքը գտնվում է ոչ սեյսմակայուն վիճակում եւ իրենց ինժեներները ասում են, որ դա շատ վտանգավոր է։ Մեր ինժեներները ասում են հակառակը, որ շենքի սեյսմակայունությունը կարող են համեմատել Երեւանի սեյսմակայունության հետ... Եկանք համաձայնության, որ իրենց ճարտարապետները կմշակեն, հետո միասին կքննարկենք եւ կգտնենք այն լուծումները, որոնք կբավարարեն երկու կողմերին»,- ասաց պարոն Ազիզյանը։ Պարոն Ազիզյանը անկեղծանում է՝ չի սպասել այսպիսի լուծման, բոլորը զարմացած են նման որոշման համար։ «Բոլորս անակնկալի եկանք, երբ ընթերցվեց այդ տեքստը»,- նշում է պարոն Ազիզյանը։ Իսկ առաջիկայում ճարտարապետները պատրաստվում են դիմել Մշակույթի նախարարություն՝ «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղեւորային համալիրը պատմամշակութային հուշարձանների ցանկի մեջ ընդգրկելու համար։ «Հուշարձանները հենց այնպես չի կարելի քանդել»,- հիշեցնում է Հանրային խորհրդի քաղաքաշինության եւ ճարտարապետության հարցերի ենթահանձնաժողովի նախագահը՝ միաժամանակ ցավով արձանագրելով, որ բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ են ոչնչացվել։   zvartnoc