Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայաստանի իշխանությունները համարձակություն չունեցան» (տեսանյութ)

Քաղաքականություն
4cfe16a74e62d930963ac847745b5ad8

Հայաստանի և Ուկրաինայի միջև դիվանագիտական հարաբերությունները կարող են խզվել։ Նման հեռանկարն այսօրվա ասուլիսում իրական համարեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։ Նա նշեց, որ ճանաչելով Ղրիմի հանրաքվեն՝ Հայաստանը լուրջ մարտահրավերի առջև է կանգնում։ «Կուզենայինք ակնկալել, որ Հայաստանի իշխանությունները հնարավորինս խուսափեին հստակ դիրքորոշումից»,- ասաց Բորիս Նավասարդյանը։ Նրան պարզ է, որ Հայաստանի իշխանությունները չէին կարող քննադատել հանրաքվեն՝ հաշվի առնելով Հայաստանի և Ռուսաստանի կապը, սակայն գոնե պետք է համարձակություն ունենային՝ չընդունելու այդ հանրաքվեն։ Նավասարդյանն ասաց, որ Ղրիմի և Ղարաբաղի ինքնորոշման հանրաքվեները շատ քիչ նմանություն ունեն։ Ուստի, Ղրիմը ընկալել որպես ինքնորոշման նախադեպ՝ նշանակում է վարկաբեկել ինքնորոշման գաղափարն ընդհանրապես և Ղարաբաղի ինքնորոշումը մասնավորապես։ Բացի դրանից, բանախոսի համոզմամբ՝ Ղրիմի հանրաքվեի մասին նման կերպ արտահայտվելով՝ Հայաստանն ընտրում է, թե ում կողմից է ուզում՝ Ղարաբաղը ճանաչվի՝ Ռուսաստանի՞, թե՞ ավելի լայն միջազգային հանրության։ Իսկ թե բավարա՞ր է Հայաստանին Ռուսաստանի աջակցությունը, լուրջ հարց է, ընդ որում՝ հարց է նաև, թե կլինի՞ այդ աջակցությունը։ Բորիս Նավասարդյանի խոսքով՝ Ղրիմի հարցում Ռուսաստանի մեծ ճնշմանը դիմադրելու, Քեսաբի հայության հարցում սկզբունքային դիրքորոշում դրսևորելու համար Հայաստանի կառավարությունը, նախագահը պետք է ունենային նաև ներքին լեգիտիմություն և քաղաքացիների աջակցություն։ «Ցանկալի կլիներ, որ ընդդիմությունը ընդդիմություն լիներ նաև սկզբունքային հարցերում, ոչ միայն իշխանափոխության։ Մենք այսօր ունենք ընդդիմություն, որն ասում է, որ դուք վատն եք, բայց ինչ դուք եք անում, մենք էլ էինք անում, ուղղակի ավելի լավ»,- ասաց Բորիս Նավասարդյանը։ Նա հավելեց, որ Հայաստանն ունի վատ, վտանգավոր քաղաքականություն, բայց չունի այդ քաղաքականությունն այլընտրանք երկրի ոչ ներսում, ոչ դրսում։ Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ եթե Ռուսաստանը Հայաստանի գործընկերն է, ապա 2012-ին Հայաստանը պետք է այդ երկրին համոզեր ուրիշ վայրում տեղադրել ռուսական ռադիոլոկացիոն կայանը, որն անմիջապես թիրախ է դարձնում Քեսաբի հայությանը։