Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչով է պայմանավորված ջրի սակագնի փոփոխման առաջարկը

Տնտեսություն
index3

Ինչպես հայտնի է, օրերս «Երևան Ջուր» ընկերությունը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացրել մատուցվող ծառայությունների սակագների ճշգրտված հաշվարկները, որի համաձայն՝ մասնավորապես բնակչությանը մատուցվող մանրածախ ջրամատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայության սակագինը նախատեսվում է բարձրացնել 7,49 դրամով՝ 1 խորանարդ մետրի դիմաց և 170,256 դրամ/խմ-ի փոխարեն սահմանել 177, 746 դրամ (ներառյալ ԱԱՀ): Ո՞րն է դրա պատճառը և արդյոք հնարավոր չէ՞ խուսափել թանկացումից: Այս հարցերի շուրջ «Արմենպրես»-ը զրուցել է «Երևան Ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Գոռ Գրիգորյանի հետ: Պարոն Գրիգորյան, անցած տարի հանրային ծառայությունների, կարելի է ասել համատարածթանկացման ֆոնին, ձեր ընկերությունը հաճելիորեն զարմացրեց երևանցիներիս՝ մոտ 4 դրամովնվազեցնելով ջրամատակարարման սակագինը: Այս տարի, սակայն, Դուք առաջարկում եք 7.49 դրամով սակագնի բարձրացում։ Մինչդեռ գազի ու էլեկտրաէներգիայի սակագինն այս պահինանփոփոխ է: Ինչո՞վ է դա պայմանավորված, և ընդհանրապես ինչպե՞ս է ձեզ մոտ ձևավորվումսակագինը : -2005թ. դեկտեմբերի 14-ին ֆրանսիական Վեոլիա ընկերության և հանրապետության կառավարության` ի դեմս ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի միջև կնքված 10-ամյա Վարձակալության պայմանագրով սահմանված է սակագնի ձևավորման հստակ մեթոդաբանություն և դրա շարժի սցենարը՝ ըստ տարիների: Կան չորս գործոններ, որոնցով պայմանավորված է սակագնային քաղաքականությունը. Էլեկտրաէներգիա, եվրո-դրամ փոխհարաբերություն, սղաճ և վաճառվող ջրի ծավալ: Պարզ է, որ թվարկված չորս գործոններից երեքի դեպքում ընկերությունը որևէ ներազդող լծակ չի կարող ունենալ և այս երեք գործոններին կարող է հակակշռել միայն ջրի ծավալների վաճառքի ավելացմամբ: Վերջին տարիներին սակագնի փոփոխությունը, մոտավորապես, այս հանգամանքներով էլ բացատրվում է: -Իսկ ինչպե՞ս եղավ, որ անցած 3 տարիներին սակագինը շարունակաբար նվազում էր: Չէ՞ որ սղաճի կողքին ջրի վաճառքն էլ էր ավելանում: -Վարձակալության պայմանագրով սահմանված էր ոչ միայն սակագնի ճշգրտման մեթոդաբանությունը, այլև նրա շարժը ըստ տարիների: Խոսքը 2005/2006թթ. գործող սակագնի՝ 172,8 դրամի մասին է, որը բազիսային է և հիմք է հանդիսանում հետագա ճգրտումների համար: Այսպես, պայմանագրով սահմանված տարիներին բազիսային սակագինը նվազում է պայմանագրի համաձայն: Այնուհետև արդեն իջեցված սակագնին ավելանում են նշված 4 գործոնները և ձևավորում նոր՝ ճշգրտված սակագին: Եվ եթե դրանց առումով տվյալ տարին եղել է բարենպաստ, ապա հնարավոր է դարձել բացարձակ արտահայտությամբ նվազեցնել նաև գործող սակագինը, ինչը տեղի ունեցավ օրինակ 2013թ.-ին: Ցավոք, բոլորը չէ, որ գիտեն այս մասին, այստեղից էլ հանիրավի քննադատություններ, թե ընկերությունը, իբր, չի կատարում ստանձնած պարտավորությունները: -Ի՞նչ եք կարծում, կբավարարվի՞ արդյոք ներկայացված հայտը: Մի՞շտ է, որ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում համաձայնվում են Ձեզ հետ: -Մենք ներկայացրել ենք հաշվարկներ և սակագնի փոփոխման հայտ և այն դեռևս հաստատված իրողություն չէ։ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մեր ներկայացրած հաշվարկների ուսումնասիրության արդյունքում է որոշում կայացնելու։ Թե ինչպիսին կլինի այն՝ այս պահին ես չեմ փորձի գուշակել։ Անշուշտ, հանձնաժողովն ունի իր մոտեցումը, կարող է այս կամ այն հարցի շուրջ չհամաձայնել մեր տեսակետի հետ: Սակայն, հաշվի առնելով, որ սակագների հաշվարկի գործող մեթոդաբանությունը ընդհանուր է բոլորիս համար, չեմ կարծում զգալի տարբերություններ լինեն մեր ներկայացրած և հանձնաժողովի հաստատած սակագնի միջև: -Իսկ ե՞րբ կհաստատվեն նոր սակագները և, ըստ Ձեզ, ինչ ծանրություն այն կունենա շարքային սպառողի ընտանեկան բյուջեի վրա: -Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների սակագները վեջնականապես կսահմանվեն հանձնաժողովի որոշմամբ, հայտի 3-ամսյա ուսումնասիրությունից հետո: Իսկ ուժի մեջ կմտնեն դրանից մեկ ամիս անց, որպեսզի սպառողները, այդ թվում իրավաբանական անձինք, ժամանակ ունենան ճշգրտումներ մտցնելու իրենց հաշվարկների մեջ: Ինչ վերաբերվում է շարքային սպառողին, ապա այն տեսանելի և զգալի փոփոխություն չի կարող առաջացնել, քանի որ եթե ընդունենք, որ միջին ընտանիքի (3-4 անձ) ջրի ամսեկան ծախսը տատանվում է 10-15 խմ սահմաններում, ապա 7.49 դրամ ավելացում ամսական ընդհանուր ընտանիքի բյուջեում մոտավոր կկազմի լրացուցիչ 100 դրամ, իսկ ընտանիքի յուրաքանչյուր անդամի պարագայում մոտ 25 դրամ: