Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կփոխհատուցվի 780 ուսանողների ուսման վարձը

Պաշտոնական
ուս

Վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ Երևանի բժշկական համալսարանի դահլիճում տեղի է ունեցել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված կրթաթոշակի մրցույթի հանձնման արարողությունը: Ընդհանուր առմամբ, մրցույթի շրջանակում ուսման վարձի փոխհատուցում է ստացել 780 ուսանող: Նրանցից մի քանիսին կրթաթոշակի հավաստագիրը հանձնել է անձամբ վարչապետը: Տիգրան Սարգսյանը հավաստիացրել է, որ այս ծրագիրը լինելու է շարունակական, քանի որ այն նաև ուսանողության ինքնակազմակերպման լավ ձև է: Վարչապետը հիշեցրել է, որ հենց ուսանողներն են սահմանում կրթաթոշակ ստանալու չափորոշիչները, ընտրում, թե ում պետք է հանձնվի կրթաթոշակ, վերահսկում, որպեսզի այդ գործընթացը լինի թափանցիկ: Կրթաթոշակի մրցույթը հայտարարվել է պետական բուհերի առկա ուսուցման բակալավրիատում սովորող 1-ին կուրսի անվճար համակարգում չընդգրկված ուսանողների համար: Մրցույթի անցկացման համար ՀՀ կառավարությունը Երիտասարդական հիմնադրամին է հատկացրել 60 մլն դրամ: Այս տարի, ընդհանուր առմամբ, մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել մոտ 1500 ուսանող: Դիմել են Հայաստանի գրեթե բոլոր պետական բուհերից, այդ թվում մարզերում գործող և միջպետական բարձրագույն ուսումնական հաստատություններից: Ուսանողներին ընտրելիս հաշվի են առնվել սահմանված հստակ չափորոշիչները, մասնավորապես, ուսանողի առաջադիմությունը, սոցիալապես անապահով լինելու հանգամանքը, հասարակական ակտիվությունը և այլն: ՀՀ Կառավարություն