Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դա զզվելի էր, վիրավորական իմ ` պատգամավորիս հանդեպ» (տեսանյութ)

Քաղաքականություն
լըօվա

Երեկ ժողովուրդը փակել էր Ապարան-Երևան ավտոճանապարհը` անորոշությունից ելնելով: Այսօր նման տեսակետ հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Լյովա Խաչատրյանը: Նրա խոսքով` գյուղացիների բողոքն արդարացի է. «Տեղի իշխանիկները նրանց տեղյակ չեն պահել՝ ինչ է կառուցվելու, նրանց տարբեր բան են ասում, տարբեր բան՝ անում»: Լյովա Խաչատրյանը զարմանում է` ինչու են Ապարանի ջրամբարի վրա ՀԷԿ կառուցում, որտեղ ջուրը շատ սակավ է: Նրա տեղեկացմամբ` փոխվարչապետը որոշել է, որ հանձնաժողով ստեղծվի ջրատարի հարցով: «Փոխվարչապետին տեղեկացրել եմ, որ այնտեղ որոշ համայնքներ տուժում են, նրանք ընդհանրապես ոռոգման ջուր չեն ունենա», - նշեց նա: Խաչատրյանը հայտնեց, որ փոխվարչապետին ասել է՝ հարցի լուծումը պետք է թղթի վրա լինի` պայմանագրով: Խաչատրյանն անհասկանալի է համարում այն, որ երեկ քաղաքացիական հագուստով մի խումբ անձինք ծեծել են Օհանավանում բնապահպան ակտիվիստներին. «Դա զզվելի էր, նույնիսկ վիրավորական իմ` պատգամավորիս հանդեպ», - ընդգծում է նա: «Սևան-Հրազդան ջրառ» ՓԲԸ տնօրեն Սամվել Հովհաննիսյանն ասաց, թե իրենք հանդիպել են ժողովրդի հետ: Նրա տեղեկացմամբ` այս պահին ընդամենը ջրագիծ է կառուցվում: «Թող թույլ տան ջրագիծը վերակառուցվի, դրանից հետո ՀԷԿ-ը կկառուցեն», - նշեց նա: Սամվել Հովհաննիսյանի համոզմամբ` ժողովրդի պահանջը ջուր ունենալն է: «ՀԷԿ-ի կառուցումից հետո էլ նրանք միանշանակ ջուր կունենան»,- վստահեցնում է Հովհաննիսյանը: Ըստ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանի՝ ժողովրդի բողոքի պատճառն այն է, որ նրանց ժամանակին պատշաճ կարգով չեն տեղեկացնում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Հիշեցնենք՝ երեկ Արագածոտնի մարզի 7 գյուղեր փակել էին Երեւան-Ապարան ճանապարհը՝ ի նշան ՀԷԿ-ի կառուցման, իսկ Տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն ավելի ուշ պարզաբանել էր  , թե ՀԷԿ չի կառուցվելու։