Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օֆշորի պատմությունը. ով խաբվեց, ով փախավ եւ ով կպատժվի (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
վռցհ1

Օֆշորային սկանդալը պայթեց անցյալ տարվա մայիսին: «Հետք» էլեկտրոնային կայքի հրապարակումներից պարզ դարձավ, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը գործարար Աշոտ Սուքիասյանի հետ միասին ունեզրկել են գործարար Փայլակ Հայրապետյանին, որը «Ամերիա» բանկում գրավադրել է 33 միլիոն դոլար արժողությամբ իր գույքը, փոխարենը ստացել 10 միլիոն դոլարի վարկ: Փայլակ Հայրապետյանը 2010-ին էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի աշխատասենյակում մասնակցում է ադամանդագործության զարգացմանը նվիրված մի քննարկման, որտեղ նրան հավատացնում են, որ Աշոտ Սուքիասյանը Աֆրիկայի Սիեռա Լեոնե պետությունում ադամանդի եւ ոսկու հանքեր ունի: Սակայն բավարար գումար չունի Հայաստանին բարձրորակ եւ էժան հումքով ապահովելու համար: Հենց այդ պատճառով էլ կարիք կա, որ գործարարները նրան օգնեն իրականացնելու իր ծրագրերը: Քննարկմանը ներկա Փայլակ Հայրապետյանը համաձայնվում է իր անձնական գույքի գրավադրմամբ ձեռք բերել անհրաժեշտ գումարը: Բանկերից մեկը հրաժարվում է գումար տրամադրել, սակայն Ամերիաբանկը վարչապետի, նախարար Երիցյանի եւ արքեպիսկոպոսի միջնորդությամբ տալիս է 10 միլիոն 700 հազար դրամի վարկը: Բանկը գումարը փոխանցում է 7 մասով: Նախորդ 6 փոխանցումների ժամանակ ադամանդագործությունը տեղից կես քայլ առաջ չի շարժվում: «Ամերիաբանկ»-ին, ըստ «Հետքի» ուսումնասիրության, դա չի մտահոգում: Փաստն այն է, որ, ինչպես էկոնոմիկայի նախարարությունում հավատացրել էին Փայլակ Հայրապետյանին, այս վարկի շնորհիվ Հայաստանը պետք է դառնար ադամանդի հղկման եւ վաճառքի համաշխարհային կենտրոններից մեկը: Ըստ «Հետք»-ի բացահայտման, Աշոտ Սուքիասյանն այս 10 միլիոն դոլարը ստացել է եւ մաս-մաս փոխանցել Կիպրոսում գրանցված օֆշորային երեք ընկերությունների հաշվին, որոնցից մեկի բաժնետերեր են վարչապետը եւ Սուքիասյանի քավորը՝ արքեպիսկոպոսը: Լրատվամիջոցները գրել են, որ Սուքիասյանը հայտնի է նրանով, որ Արարատյան թեմի առաջնորդին է նվիրել 120 հազար դոլար արժողության «Բենթլի» մակնիշի ավտոմեքենա: Հետագայում հոգեւորականը հաստատեց այդ փաստը: Ադամանդագործությունն այդպես էլ չզարգացավ, այսինքն՝ վարկային պարտավորությունները չկատարվեցին, փոխարենը Փայլակ Հայրապետյանն ամբողջությամբ զրկվեց 33 միլիոն դոլար արժողությամբ գույքից: Վարչապետը եւ հոգեւորականը հերքեցին, որ իրենք կապ ունեն կիպրոսյան օֆշորային ընկերության հետ, Սուքիասյանը հայտարարեց, որ ինքն է վարչապետի եւ հոգեւորականի անունից բացել այդ ընկերությունները եւ գումարներ փոխանցել նրանց անունով բացված ընկերության հաշվին: Այնուամենայնիվ, ընկերության փաստաթղթերում ոչ թե Սուքիասյանի, այլ հենց վարչապետի եւ հոգեւորականի ստորագրություններն են: Երբ պարզ դարձավ, որ ադամանդագործությունը զարգացող ոլորտ չէ, իսկ Փայլակ Հայրապետյանը խաբված է, Աշոտ Սուքիասյանը անհետացավ: Մինչ այդ նրան հաջողվել էր 10 միլիոն դոլարը օֆշորից տեղափոխել Հայաստան «Ամերիաբանկ»-ում բացված «Ձորաղբյուր» ընկերության հաշվին: Այսինքն, բանկն ամբողջությամբ հետ ստացավ իր գումարը, ներառյալ՝ սեփականացրեց Փայլակ Հայրապետյանի ամբողջ գույքը: Ավելի ուշ պարզ է դառնում, որ այս գործով անցնում է նույնիսկ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, քանի որ նա է թույլատրել, որ Աշոտ Սուքիասյանը անպատիժ լքի Հայաստանի տարածքը արդեն անբարեխիղճ եւ խարդախ վարկառուների «սեւ ցուցակում» հայտնվելուց հետո: «Հետքին» հայտնի է դարձել նաեւ, որ օֆշորային գոտում է գրանցված նաեւ «Ամերիաբանկ»-ի միակ բաժնետերը: Օֆշորային սկանդալի գործով գլխավոր դատախազությունում Աղվան Հովսեփյանի օրոք հարուցվել է քրեական գործ, որն այն փոխանցել է ոստիկանությանը, որն իր հերթին փորձաքննության է ուղարկել վարչապետի եւ արքեպիսկոպոսի ստորագրությունները: Փորձաքննության արդյունքները գաղտնի են պահվում: Իր տարեվերջյան ասուլիսում վարչապետն առանց փակագծեր բացելու ակնարկել է, որ օֆշորային սկանդալի ակունքներում կանգնած է Վարդան Օսկանյանը: «Որքան տնտեսության մասին վարչապետի ասածներն են համապատասխանում իրականությանը, նույնքան ես եմ ներգրավված օֆշորային սկանդալում»,-անմիջապես հակադարձեց նախկին արտգործնախարարը: Սկանդալի կենտրոնական հերոս Աշոտ Սուքիասյանն այս տարվա հունվարի 31-ին ձերբակալվում է Վրաստանի մայրաքաղաքում: 40 օրվա ընթացքում, այսինքն՝ մինչեւ մարտի 12-ը, նա պետք է հանձնվի Հայաստանին: