Վարդաշենում մարդիկ ապրում են կարիճների ու օձերի հետ (տեսանյութ)
Տանը` ինչպես փողոցում: Այսպես են իրենց վիճակը բնորոշում Վարդաշեն թաղամասի 9-րդ փողոցի 70 շենքի բնակիչները: 4-րդ կարգի վթարային այս շենքում չեք գտնի որևէ մի բնակարան, որի պատերը ճաքած չլինեն ու որի բնակիչները չբողոքեն խոնավությունից: Շենքում կա 24 ընտանիք ու բազմաթիվ խնդիրներ: Ներառյալ ջրամատակարարմանը. «Մի հատ կռանթ կա, ես չեմ կարողանում, խեղճ աղջկեքս մեռան կրելով, ի՞նչ անենք»,- ասում է բնակիչներից Թամարա Գրիգորյանը: Մեկ այլ բնակիչ՝ Գայանե Մարտիրոսյանը, ապրում է շենքում 1998 թվականից, բնակարանային խնդրով դիմել է բոլոր պաշտոնյաներին, այդ թվում` Տարոն Մարգարյանին և Սերժ Սարգսյանին. «Մենք էլիտար շենք չենք ուզում, մենք ուզում ենք թեկուզ հանրակացարան, մեր սեփականը լինի, մենք սարքենք, մենք չգիտենք ստեղ ի՞նչ գործ անենք: Մեր քաղաքապետը պիտի մեր մասին մտածի թե չէ, գոնե տանիք տա, հեսա էս երեխեքիս վեշերն ա, իրանք վարձով են ապրում, էս վիճակում ես կարա՞մ երեխա մեծացնեմ, չեմ կարա»: Մինա Գրիգորյանն իր ամուսնու և չափահաս աղջկա հետ բնակվում է մեկսենյականոցում: Ամուսնու հետ գետնին են քնում, անձրևային եղանակին առաստաղից ջուր է կաթում, իսկ ամռանը օձերն ու կարիճներն են հյուր գալիս. «Էրեխուս էսյան-էնյան եմ ուղարկում, որ կարիճը չկծի, ստիպված կատու եմ պահում»: Շենքը քայքայվում է տակից և վերևից: Բնակիչները առաջին հարկում ցույց են տալիս նստվածքները՝ ասելով, որ շենքը իջնում է, իսկ կտուրում շուրջբոլորը ամաններ են, որպեսզի անձրևաջուրը դրանց մեջ լցվի: Շենքից ավելի անմխիթար վիճակում է փողոցը, որտեղ անցնելուց միշտ ցեխոտվում ես: Ավելին՝ դիտեք տեսանյութում