«Հայաստանում հնարավոր չէ նոր Մարտի 1» (տեսանյութ)
«Մարտի 1-ի գլխավոր դասը, որ պետք է քաղի հայ ժողովուրդը, այն է, որ պետք է այնպես անենք, որ Հայաստանում այլևս հայի արյուն չթափվի»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով 2008 թվականի մարտ 1-ի իրադարձություններին, ասաց Սոցիոլոգիական ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտչյանը։ Սոցիոլոգը նշեց, որ իրենց հետազոտությունները փաստում են, որ Հայաստանում այնպիսի պայմաններ չկան, որ կրկնվեն Մարտի 1-ի իրադարձությունները, քանի որ ազգաբնակչության մեծ մասը հակված չէ նման ըմբոստության. «Իսկ տարիներ անց ինչ կլինի, ինչպես կփոխվի իրավիճակը, պետք է անընդհատ հետևել և տեղում ճիշտ կանխորոշումներ անել»։ «Ա1+»-ի այն հիշեցմանը, թե որոշ բուհերի ուսումնական ծրագրերում ընդգրկված է Մարտի 1-ի մասին իշխանական տեսակետը (Մասնավորապես՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի հեղինակած գիրքը), ինչի առնչությամբ բազմաթիվ բողոքներ են եղել, պարոն Մկրտչյանը պատասխանեց, որ ինքը նման տեղեկություն չունի. «Ես կարող եմ փաստել, որ այսօր շատ դժվար է ուսանողներին պարտադրել որևէ բան սովորել նույնիսկ, եթե դա իրենց մասնագիտական տիրույթին է պատկանում»։