Ջրառատ գարուն. կանխատեսումներ ու զգուշացումներ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանում այս տարվա գարունը խոստանում է լինել ջրառատ ու փոփոխական․ մասնագետների գնահատմամբ՝ գետերում սպասվում են ակտիվ վարարումներ, իսկ Սևանա լճի մակարդակը կշարունակի բարձրանալ։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի խոսքով՝ գարնանային վարարումները պայմանավորված են վերջին ամիսների անսովոր եղանակային պայմաններով։ 2025-ի նոյեմբերը եղել է ամենատաք և չոր ամիսներից մեկը՝ սկսած 1935 թվականի դիտարկումներից, իսկ 2026-ի փետրվարը՝ ոչ միայն ամենատաքը դիտարկումների ողջ պատմության մեջ, այլև տեղումների քանակով՝ երրորդը։ Մարտն էլ այս տարի ռեկորդ է սահմանել՝ դառնալով ամենատեղումնառատը դիտարկումների ողջ պատմության ընթացքում։
Այս ֆոնին կանխատեսվում է, որ գարնանային վարարումների հոսքի ծավալները կլինեն նորմայից բարձր՝ հասնելով 100-130%-ի, իսկ որոշ հատվածներում՝ նույնիսկ 140-160%-ի։ Տարին, ընդհանուր առմամբ, կլինի բավական ջրառատ, սակայն մասնագետները զգուշացնում են՝ ջերմաստիճանի կտրուկ բարձրացման և հորդառատ անձրևների դեպքում գետերի մերձափնյա տարածքներում հնարավոր են հեղեղումներ։
Միաժամանակ դրական միտում է արձանագրվում Սևանա լճում․ մինչև հուլիսի 1-ը սպասվում է ջրի մակարդակի բարձրացում շուրջ 40-45 սանտիմետրով, իսկ տարվա ավարտին այն կհասնի մոտ 1900.30–1900.35 մետրի։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանի խոսքով՝ Հայաստանում օդի ջերմաստիճանը շարունակում է մնալ համեմատաբար ցածր: Հանրապետությունում այս տարի դեռևս 20 աստիճանից բարձր ցուցանիշներ չեն գրանցվել։ Նրա դիտարկմամբ՝ անցյալ տարի նույն ժամանակահատվածում արդեն զգալիորեն ավելի տաք էր․ մարտի կեսերին Արարատյան դաշտում արձանագրվել էր +20...+25 աստիճան ջերմաստիճան։
Նա նաև տեղեկացնում է, որ մինչև ապրիլի 13-ը ներառյալ հանրապետության ողջ տարածքում տեղումները կշարունակվեն։ Շիրակի, Լոռու, Տավուշի նախալեռնային շրջաններում, ինչպես նաև Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային գոտիներում ու Գեղարքունիքում տեղումները կլինեն ձյան տեսքով։
Ապրիլի 14-17-ը սպասվում է եղանակային պայմանների էական փոփոխություն․ կսկսվի օդի ջերմաստիճանի բարձրացում, և ապրիլի 15-18-ն ընկած ժամանակահատվածում այն կբարձրանա շուրջ 8-10 աստիճանով։