«Պետք է փոխել միայն դատական համակարգը». Հր. Խառատյան
Հայաստանում պետք է փոխել միայն դատական համակարգը՝ կարծում է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: «Քանի դեռ մենք ունենք այսպիսի կախյալ դատարան, միշտ կասկածելի է դառնում դատարանի ցանկացած վճիռ: Ինձ համար որպես շարքային քաղաքացու ամեն մի վճիռ կասկածելի է, որովհետեւ ուղղակի անհնար է թվում, որ դատարանը որեւէ գործ օբյեկտիվ քննի»,- «Ա1+»-ին ասաց նա: Տիկին Խառատյանը որպես օրինակ բերում է դեռեւս դատաքննության փուլում գտնվող «Հարսնաքարի» գործը, երբ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում անվտանգության աշխատակիցների կողմից դաժան ծեծի ենթարկվելուց հետո գիտակցության չգալով` մահացավ ռազմական բժիշկ Վահե Ավետյանը: «Հարսնաքար» ռեստորանային համալիրի վեց աշխատակիցները՝ Գարիկ Մարգարյանը, Արման Խաչատրյանը, Դավիթ Ադամյանը, Արթուր Բաբլոյանը, Արման Բաղդասարյանը և Նորայր Հայրապետյանն այժմ հայտնվել են ամբաստանյալի աթոռին: Որպես պատիժ՝ դատախազը պահանջել է 13 տարվա ազատազրկում: «Այդ տղաները իսկապես շատ ծանր, սադիստական ու գանգստերային հանցանք են գործել, որ նրանք իսկապես հասարակության համար վտանգավոր են՝ դա շատ ակնհայտ երեւույթ է: Մյուս կողմից, ի վերջո, այդ տղաների պահվածքը՝ «դե ինչ եմ արել, մի մուշտի եմ տվել, թողեք գնամ ապրեմ, իմ երեխեքի գլխին տեր կանգնեմ», արդեն իսկ ցույց է տալիս, որ սրանք շատ վտանգավոր մարդիկ են»,- ասում է «Պահանջում ենք պատժել «Հարսնաքար»-ում տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» խմբի անդամ, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Նրա խոսքով` տղաները չեն հասկանում ոչ իրենց արածի ծանրությունը, ոչ մարդկային կյանքի արժեքը: Տիկին Խառատյանը հույս ունի, որ դատարանը գոնե այս դեպքում արդարացի վճիռ կկայացնի, եւ իրական մեղավորները կկրեն իրենց արժանի պատիժը: