Գյուղապետերը կվերապատրաստվեն
Այսօր ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը ողջունել է համայնքների ղեկավարների համար կազմակերպվող շարունակական դասընթացների այս տարվա առաջին խմբի մասնակիցներին: Փոխվարչապետը կարևորել է կառավարության նախաձեռնությամբ անցած տարի մեկնարկած ծրագիրը` համայնքների ղեկավարների գիտելիքների ամրապնդման, օրենսդրական դաշտի փոփոխություններին ու լրացումներին ծանոթանալու, համայնքային նշանակության խնդիրներն ի մի բերելու և ընդհանուր լուծումներ գտնելու տեսանկյուններից: Ա. Աղաբեկյանը հույս է հայտնել, որ համայնքների ղեկավարները ակտիվորեն կմասնակցեն դասընթացներին և իրենց հուզող հարցերով կդիմեն համապատասխան մարմինների պատասխանատուներին: 4-րդ փուլի դասընթացները, որոնց մասնակցում են 30 գյուղապետեր, կտևեն մեկ շաբաթ, մասնակիցներին կտրվեն համապատասխան հավաստագրեր: ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին