Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻ ՓՈՔՐԻԿ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՀԶՈՐ ՄԵԾԱՀՈԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հասարակություն

Ռոբերտ Քոչարյանը մեծահոգաբար որոշել է «Ա1+»-ին թույլ տալ մասնակցել հաճախականությունների հաջորդ մրցույթին եւ հաղթել: Իր մեծահոգության մասին Ռոբերտ Քոչարյանը հաղորդել է Ագոյի խմբին:

Մամուլն այսօր ավետել է Հայաստանի բարյացակամ նախագահի աննախադեպ մտադրության մասին: «Ես եվրոպացի նախագահ եմ, ես կներեմ եւ «Ա1+» -ին եթեր կտամ»,- հավանաբար 45 օր է Ռոբերտ Քոչարյանը մտքում այս բառերն է կրկնում:

Ինչու՞ չեք ընդունում նախագահի առաջարկը եւ վայելում նրա բարյացակամությունը, - գրեթե ամեն օր մեզ հարցնում են նախագահամետ լրատվամիջոցների ներկայացուցիչները՝ Ռոբերտ Քոչարյանի վարքից հիացած:

Մոտ 40 օր հետո կկայանա հեռուստահաղորդումների հեռարձակման հերթական մրցույթը: Մեծագույն ցանկության դեպքում անգամ «Ա1+»-ը այդ մրցույթում չի հաղթի:/Ա1+»-ը բազմիցս հայտարարել է,որ առայժմ հաճախականության այլ մրցույթների չի մասնակցելու:/ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովն այսօր հրապարակել է 21-րդ դեցիմետրային կապուղիով հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթի պայմանները : Հանձնաժողովը որոշել է, որ այդ ալիքը պետք է լինի մանկապատենական ուղղվածության, հետեւաբար կանխել «Ա1+»-ի՝ այս մրցույթին մասնակցելու հնարավորին մտադրությունն անգամ:
Հիշեցնենք, որ այս կապուղիով ներկայումս հեռարձակվում է «Հայրենիք» հեռուստաընկերությունը:

Ի դեպ, ըստ հաճախականությունների լիցենզավորման կարգի՝ պարտադիր չէ, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը սահմանի ծրագրային ուղղվածության մրցութային պայմանը:
Այսպիսով, ՀՀ նախագահի նշանակած Հեռուստատեսության եւ ռադիոյի անկախ հանձնաժողովը «Ա1+»-ին հերթական անգամ զրկում է եթեր դուրս գալու հնարավորությունից , իսկ Ռոբերտ Քոչարյանին՝ մեծահոգի երեւալու հնարավորությունից: