Կուտակային նոր համակարգը կտապալվի՞
Եթե մարդն այսօր չի կարող ապրել, ապա ինչպես կարող է մտածել վաղվա օրվա մասին: Այս կարծիքին են Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետները, որոնք իրենց համարում են ամենից տուժած խավը կառավարության կողմից սահմանված պարտադիր կուտակային կենսաթոշակային նոր համակարգից:
Զանազան բուկլետներն ու գունազարդ հեռուստատեսային հոլովակները մեզ խոստանում են 63 տարեկանից հետո ապահովված ու երջանիկ ծերություն: 1974թ. այս կողմ ծնվածները 2014թ. հունվարի 1-ից պարտավոր են իրենց աշխատավարձից վճարումներ կատարել պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդ:
Այս հանգամանքը հատկապես մտահոգել է ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին: Նրանք հիմնականում ստանում են բարձր` 500 հազար դրամ եւ ավելի աշխատավարձ եւ ըստ այդմ էլ` նրանց վճարումների չափն ավելի մեծ է` գրեթե հավասարվելով, երբեմն էլ գերազանցելով նվազագույն աշխատավարձի չափը.
Մինչեւ 500 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիները 2014թ.-ից կենսաթոշակային ֆոնդին պետք է վճարում կատարեն 5 տոկոսի չափով, իսկ 500 հազար դրամից ավելիի դեպքում` 10 տոկոս: Ինժեներ Տիգրան Կարապետյանը հաշվարկ է արել՝ 60 հազար դրամ աշխատավարձի դեպքում կենսաթոշակային վճարումը կազմելու է 3000 դրամ. «60 հազար կեղտոտի ժամանակ զուտ աշխատավարձը 45 հազար է, իսկ եթե դա բաշխենք ամսվա օրերին, ստացվում է, որ օրը մարդը գոնե պետք է ծախսի 1500 դրամ: 3000 դրամ հանելով 45 հազարից, 2 օր մարդն ուղղակի ոչինչ չի կարողանալու անել, քանի որ այդ ֆինանսները նա տրամադրել է հետոյին»։
Ինժեներները հավաստիացնում են` կենսաթոշակային այս բարեփոխումները կարող են հանգեցնել իրենց արտագաղթին: Այս քայլը նրանք ծայրահեղ են համարում
Ինժեներ Տիգրան Պետրոսյան. «Մենք բոլորս բարեխիղճ հարկատուներ ենք, այստեղ այնպիսի ՏՏ մասնագետներ են մնացել, որ օտարերկրյա շատ ֆիրմաներից նրանք ունեն բազմաթիվ առաջարկներ, նրանք չեն լքում երկիրը, քանի որ նրանք սիրում են այն»:
ՏՏ ոլորտի մասնագետները կառավարությանը հիշեցնում են` կենսաթոշակային այս համակարգը շատ կայացած երկրներում տապալվել է, եւ այդ պատճառով պետք է ոչ թե ի վնաս, այլ ի օգուտ քաղաքացիների օրենք մշակել։
Ինժեներ Արթուր Բաղդասարյան. «Ցանկացած խավից, աղքատներից վերցնում են գումար, նրանց ավելի են աղքատացնում, նրանց վիճակն ավելի են վատացնում, եւ դնում են մի ֆոնդերում, որոնց հետեւում կանգնած են ինչ-որ հարուստ մարդիկ, եւ նրանք ավելի են հարստանում»:
«Ֆոնդերի մի մասը գտնվելու է արտասահմանում, այսինքն` այդ գումարները, որոնք մենք վճարելու ենք, աշխատելու են ոչ թե մեր երկրի համար, այլ արտասահմանում որոշ կազմակերպությունների համար»,- ասում է ինժեներ Հարություն Աղլամազյանը:
Կենսաթոշակային այս նոր բարեփոխումը ծանր բեռ է դառնում, երբ քաղաքացին բանկերում ունի վարկեր:
ՏՏ ոլորտի մասնագետները նամակ են պատրաստել` 35 կազմակերպության ստորագրությամբ եւ պահանջում են փոխել օրենքն ու կուտակային կենսաթոշակային համակարգից հանել պարտադիր բառը: Իրենց պահանջները չբավարարելու դեպքում նրանք պատրաստ են ցանկացած տիպի հանրային անհնազանդության: