Արթուր Շահինյանը՝ Եվրոպայի բրոնզե մեդալակիր
Թբիլիսիում ավարտվեց ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Մրցումների վերջին օրը Հայաստանից հանդես եկան հունահռոմեական ոճի 3 ըմբիշ:
66 կգ քաշային Սասուն Ղամբարյանը վստահ հաղթահարեց առաջին արգելքը, սակայն երկրորդ փուլում պարտվեց թուրք մրցակցին եւ դուրս մնաց պայքարից, քանի որ վերջինս նույնպես անհաջողության մատնվեց:
Ի դեպ, այս քաշային կարգում բրոնզե մեդալ նվաճեց Ֆրանսիան ներկայացնող մեր հայրենակից Աչտակ Մարգարյանը:
74 կգ քաշային Ռաֆիկ Մանուկյանը առաջին գոտեմարտում կրկին զիջեց Թուրքիայի ներկայացուցչին եւ իր թիմակցի նման դուրս մնաց բրոնզե մեդալի համար պայքարից:
84 կգ քաշային Արթուր Շահինյանը անհամեմատ ավելի հաջող հանդես եկավ եւ հասավ մինչեւ կիսաեզրափակիչ, սակայն 0:5 (0:5, 0:0) հաշվով պարտվեց վրացի Վլադիմիր Գեգեշիձեին:
Երրորդ տեղի համար մրցամարտում մեր ըմբիշը 1:0, 3:0 հաշվով վստահ հաղթեց բուլղարացի Հրիստո Մարինովին եւ արժանացավ բրոնզե մեդալի:
Այդպիսով, Հայաստանի հունահռոմեական հավաքականը Թբիլիսիում նվաճեց 3 մեդալ՝ 1 ոսկի, 2՝ բրոնզ: