Գումար՝ խթանման համար
Կառավարությունն առաջին անգամ պետբյուջեից ֆինանսական միջոցներ կհատկացնի արդյունաբերության զարգացումը և արտահանումը խթանելու համար։
Պետբյուջեից կտրամադրվի մոտ 500մլն. դրամ Էկոնոմիկայի նախարարությանը՝ արտահանման խթանման համար։
Այսօր Կառավարության նիստին Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի ներկայացրած այդ նախագիծը հավանության արժանացավ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից։
«Բոլոր այն ձեռնարկությունները, որոնք ունեն նման կարողություններ. կներկայացնեն հայտ Էկոնոմիկայի նախարարությանը, կստանան պետական օժանդակություն»,-այսօր կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Այս ծրագրի շրջանակներում Էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է ունենալ նաև համապատասխան ենթակառուցվածքների համախումբ, որը հնարավորություն կտա մեր ընկերություններին՝ կախված իրենց առջև եղած նպատակներից և խնդիրներից, դիմել և ստանալ աջակցություն։
Ըստ Տիգրան Դավթյանի, առաջիկայում մի քանի տասնյակ ձեռնարկություններ կկարողանան արդեն օգտվել այս հնարավորություններից. «Կարծում եմ, շուրջ 50-60 ձեռնարկություններ այս տարվա ընթացքում հնարավորություն կստանան օգտվելու այս ռեսուրսներից, հիմնականում համաֆինանսավորման սկզբունքով»։