Վրացի ըմբիշը` Հայաստանի չեմպիոն
Հայտնի դարձան Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի 2012 թ առաջնության հաղթողները:
Հանրապետության չեմպիոնի կոչումը նվաճեցին Միհրան Ջաբուրյանը (55 կգ քաշային կարգ), Արթուր Առաքելյանը (60 կգ), Դավիթ Սաֆարյանը (66 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), Մուսա Մուրթազալիեւը (84 կգ), Էդգար Ենոքյանը (96 կգ) եւ գերծանր քաշային Վիկտոր Կազիշվիլին:
Ինչպես «Ա1+»-ի մարզական լրագրողին հայտնեց Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդատյանը, վերջինս նոր անուն չէ հայկական ըմբշամարտում:
«Վիկտորի հայրը ազգությամբ վրացի է, իսկ մայրը` հայ: Նա արդեն մի քանի տարի է ապրում Հայաստանում եւ ՀՀ քաղաքացիություն ունի: Երիտասարդ ըմբիշ է, ունի աճելու լավ հեռանկար»:
Արայիկ Բաղդատյանը ասաց, որ բոլոր չեմպիոնները կընդգրկվեն հավաքականի կազմում. «2013 թ հունվարի 14-26-ը մենք ուսումնամարզական հավաք կանցկացնենք Ծաղկաձորում, իսկ փետրվարի սկզբին` Կիեւում: Ապա մեր ըմբիշները հանդես կգան միջազգային մրցաշարերում, որից հետո կորոշենք, թե ովքեր կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը»:
Ըստ Արայիկ Բաղդատյանի, հավաքների ժամանակ յուրաքանչյուր քաշային կարգում կընգրկվեն նվազագույնը երկուական ըմբիշ, որպեսզի թիմի ներսում մրցակցություն ապահովվի:
Ի դեպ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիային հորդորել է նկատողություն հայտարարել 96 կգ քաշայինների եզրափակիչ մարտի մասնակիցներ Էդգար Ենոքյանին, Անդրանիկ Գալստյանին, նրանց անձնական մարզիչներին եւ գորգի մրցավար Գեւորգ Հարությունյանին: Առաջինները մարտից հետո ոչ սպորտային արարքներ են թույլ տվել, իսկ վերջինը սխալ որոշում է կայացրել: