Անդրանիկ նիստը` 4 տարի անց
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարին կից ստեղծվել է նոր կոլեգիա: Այդ մասին տեղեկացնում է նախարարության պաշտոնական կայքը:
Կոլեգիան իր անդրանիկ նիստում քննարկել է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի, ինչպես նաեւ հաշմանդամային սպորտի զարգացման 2013-2017թթ ծրագրերը: Քննարկումներից հետո որոշվել է դրանք ՀՀ կառավարություն ներկայացնել մեկ ծրագրի տեսքով:
Հարկ է նշել, որ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարին կից կոլեգիան ստեղծվել է 2009 թ հունվարի 10-ին: Դա նշանակում է, որ այն 4 տարի շարունակ անգործության է մատնված եղել:
Թարմացված կոլեգիայի նպատակն է նախարարության գործունեության ոլորտներում ռազմավարական պլանավորման, քաղաքական որոշումների ընդունման, միջոցառումների ծրագրերի մշակման գործընթացներին օժանդակելը:
Ի դեպ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարին կից կոլեգիայի կազմում ընդգրկված նաեւ ՀՀ նախագահի օգնական, ՀՀ կրթության եւ գիտության, սփյուռքի, առողջապահության նախարարների, ՀՀ գլխավոր շտաբի պետի տեղակալներ, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար, Երեւանի քաղաքապետի խորհրդական եւ այլք: