Առանց ձիու չէր կարող դոնկիխոտություն անել (տեսանյութ)
«Ձիերը ազնիվ կենդանիներ են և ազատության խորհրդանիշ»,-«Ձիեր» խորագրով ցուցահանդեսի բացման ժամանակ ասաց նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:
Սովորական ձիուց մինչև կենտավրոսներ, գույների ու տարբեր կերպարային լուծումներով բազմաթիվ ստեղծագործություններ տեղ են գտել Նկարիչների միությունում բացված ցուցահանդեսում:
Կարեն Աղամյանի գործերում այդ լուծումները տրված են առասպելական էակների` մարդ-ձիերի պատկերող կտավներում. «Առաջին անգամ ժայռապատկերների վրա կհանդիպենք ձիու կերպարին և մինչև ժամանակակից արվեստ, սա արդեն բացատրում է ,թե ինչու այսօր այպիսի ցուցահանդես եղավ»:
10 կտավով ցուցահանդեսին մասնակցող գեղանկարիչ Հրայր Գրիգորյանին ձիերը ոգեշնչել են իրեն մանկության տարիներից.« Ձին պլաստիկայով, իր ամբողջական կեցվածքով իմ նկարչական հայացքներին շատ կողմ է և սիրելով այդ կենդանուն՝ կարողանում եմ այն արտահայտել նաև իմ արվեստում»:
Պատմության մեջ ձիերը ոչ պակաս հայտնի են եղել, քան զորավարները: Հայկական այդպիսին Քուռկիկ Ջալալին է` Սասունցի Դավթի նժույգը:
Գեղանկարիչ Մարտիրոս Բադալյանը անդրադարձել է մեկ այլ հայտնի ձիու` Դոն Կիխոտի Ռոսինանտին.«Ռոսինանտն էլ Դոն Կիխոտի նման մարդ է: Առանց ձիու հնարավոր չէր դոնկիխոտություն անել»:
Ցուցահանդեսին ներկայացված էին նաև զարդարվեստի յուրօրինակ նմուշներ, ինչպես նաև կիրառական արվեստ և քանդակագործություն;Ներկայացված էին նաև փոքրիկների գործեր, ընդհուպ 8 տարեկանի :