Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻՆ ՀՈՒԶՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Հասարակություն

Սեպտեմբերին կներկայացվի Հարավային Կովկասի վերաբերյալ զեկույցը, որում կմատնանշվեն առկա բնապահպանական վտանգները մարդկանց առողջության, տնտեսության եւ տարածաշրջանի անվտանգության վրա:

«Բնապահպանական անվտանգություն նախաձեռնություն» զեկույցը կազմվել է UNDP-ի, UNEP-ի եւ ԵԱՀԿ-ի ֆինանսավորմամբ, որոնք միայն առաջին փուլի իրականացման համար տրամադրել են 150000 դոլար: Դրանում արտացոլված են Հայաստանի երեք առաջնային բնապահպանական խնդիրները:

Դրանք են Արարատյան դաշտավայրի աղակալված հողատարածքները, հանրապետության երկու ջրամբարների տեխնիկապես վատ վիճակը, անդրսահմանային Արաքս եւ Դեբեդ գետերի աղտոտվածությունը:

Այս խնդիրները տարածաշրջանային նշանակություն ունեն, քանի որ ջրամբարների հնարավոր փլուզման դեպքում կհեղեղվեն ոչ միայն Հայաստանի, այլեւ Վրաստանի ու Ադրբեջանի բնակավայրերը: Այս ջրամբարների փլուզումը կարող է վատթարացնել հարեւանների միջեւ հարաբերությունները, որոնք առանց այդ էլ սրված են:

Դեբեդ գետը, որը հիմնականում աղտոտվում է Ալավերդու Պղնձամոլիբդենային կոմբինատի թափոններից ու կենցաղային աղբից , թափվում է Քուրի ավազանը: Իսկ Քուր գետի ջուրը Ադրբեջանում օգտագործում են խմելու նպատակով:

Գյուղատնտեսական հիմնական բերքը մթերվում է Արարատայան դաշտավայրում, իսկ հողատարածքների աղակալումը ենթադրում է բերքատվության կտրուկ նվազում: