ՀԱՕԿ-ին մեկ խնդիր է հուզում Լոնդոն-2012-ում
2012 թվականի օլիմպիական խաղերում Հայաստանի պատվիրակության համակարգող, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանին խաղերի մեկնարկից մեկ ամիս առաջ ընդամենը մեկ խնդիր է մտահոգում:
«Մենք ցանկանում ենք օլիմպիական ավանում հեռու լինել մեր չակերտավոր հարեւաններից, որպեսզի անտեղի լարվածություն չառաջանա մեր մարզիկների մոտ: 2008 թ Պեկինի օլիմպիադայում դա մեզ հաջողվեց շատ երկարատեւ բանակցություններից հետո: Հուսով ենք, որ Լոնդոն-2012-ի կազմակերպիչները կհասկանան մեզ եւ կբավարարեն մեր խնդրանքը» - այսօր «Ելակետ» մամուլի ակումբում կազմակերպված ասուլիսին ասաց Դերենիկ Գաբրիելյանը:
Ինչպես նշեց ՀԱՕԿ-ի փոխնախագահը, Հայաստանի առաջին պատվիրակությունը իր գլխավորությամբ Լոնդոն կմեկնի հուլիսի 17-ին: Մեր մարզիկները մրցավայր կժամանեն հուլիսի 21-ից: Այդ օրը օլիմպիական ավանում կբարձրացվի նաեւ մեր եռագույնը:
Հայաստանի 25 մասնակիցներից առաջինը մրցասպարեզ կմտնի հրաձիգ Նորայր Բախտամյանը: Նա արդեն հուլիսի 28-ին կպայքարի օլիմպիական մեդալների համար:
Դերենիկ Գաբրիելյանը գնահատելով Հայաստանի օլիմպիականների հնարավորությունները, ասաց, որ ակնկալում է մի քանի մրցանակներ:
«2008 թ ՕԽ-ին մեր մարզիկները 6 բրոնզե մեդալ նվաճեցին: Սակայն պեկինյան խաղերից հետո ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանն ասաց, որ Լոնդոնում հարկավոր է փոխել մեդալների գույնը եւ արդեն մտածել ավելի բարձր տեղեր զբաղեցնելու մասին: Անգլիայում մեր գլխավոր խնդիրն է նվաճել գոնե մեկ ոսկե մեդալ»:
Դերենիկ Գաբրիելյանը հավելեց, որ Հայաստանի կառավարությունը մոտ 180 մլն դրամ է տրամադրել մեր մարզիկների օլիմպիական խաղերին նախապատրաստվելու համար, որի մեջ չի մտնում պետական պարգեւատրումները:
«Օլիմպիական չեմպիոն դառնալու դեպքում մարզիկը պետության կողմից կստանա 30 մլն դրամ: Երկրորդ տեղի համար նախատեսված է 20 մլն դրամ պարգեւ, երրորդի համար` 10 մլն»: