«Ուլիսն» ու «Իմպուլսը» կխաղան գյուղում
Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ «Ուլիս» - «Իմպուլս» հանդիպումը տեղի կունենա Ոսկեհատ գյուղի մարզադաշտում: Այդ մասին «Ա1+»-ի թղթակցին տեղեկացրեց թիմի պետ Գագիկ Գալստյանը:
Երեւանի «Հանրապետական» մարզադաշտը դեռեւս պատրաստ չէ այս մրցաշրջանին, քանի որ, ըստ «Ուլիսի» ներկայացրած հայտի, թիմը իր մրցակիցներին պետք է ընդուներ հենց այդտեղ:
Գագիկ Գալստյանը նշեց, որ նախապատրաստվելով այդ խաղին, թիմն այսօր մարզում է անցկացրել հենց Ոսկեհատում:
«Բոլոր ֆուտբոլիստներն էլ պատրաստ են խաղին, բացի Ալբերտ Թադեւոսյանից, որը նոր է ապաքինվել ծանր վնասվածքից եւ դեռ չի հասցրել լավ մարզավիճակ ձեռք բերել: Իսկ ահա Գեորգի Կրասովսկին արդեն կարող է խաղալ, քանի որ նրա տրանսֆերը վերջապես ստացել ենք Իրանից»:
Հիշեցնենք, որ թիմերի առաջին խաղն ավարտվել էր «Իմպուլսի» հաղթանակով՝ 2:1: Եզրափակիչ մտնելու համար «Ուլիսին» անպայման հարկավոր է հաղթանակ տանել պատասխան խաղում, ընդ որում 1:0 կամ ավելի խոշոր հաշվով: 2:1-ի դեպքում հաղթողը կորոշվի լրացուցիչ ժամանակում:
Ի դեպ, եւ «Ուլիսը», եւ «Իմպուլսը» դեռեւս հանդես չեն եկել գավաթի խաղարկության եզրափակիչում, ուստի այս հանդիպումը պատմական նշանակություն ունի երկու թիմերի համար: