Ընտրությունները թանկացրին բենզինը
«Բենզինի թանկացումը պայմանավորված է սպասվող ընտրություններով», - անդրադառնալով բենզինի եւ դիզելային վառելիքի շուրջ 40 դրամով թանկացմանը՝ «Ա1+»-ին ասաց տնտեսագետ Բագրատ Ասատրյանը:
«Ստիպված եմ ասել, որ այս պահին ուրիշ գնահատական չկա։ Հայտարարված նավթամթերքի միջազգային գների աճը ֆիկցիա է։ Այսօր նավթի միջազգային գները մոտավորապես հավասար են 2011-ի ապրիլի գներին», - նկատեց նա։
Պարոն Ասատրյանը նշեց ընդամենը մեկ գործոն, որը կարող էր ներկա պահին ազդել բենզինի թանկացման վրա՝ դրամի արժեզրկումը, բայց դա, ըստ նրա կարող էր ընդամենը 4-5% գնաճ առաջացնել։
«Բայց խոսքն ավելի մեծ թվերի մասին է, հետեւաբար այլ բացատրություն, քան այն, որ գները թանկացումը կապ ունի ընտրությունների հետ, դժվար է գտնել։
Համենայնդեպս, այն ժամանակ, երբ միջազգային շուկայում գներն իջնում էին, Հայաստանում ես չեմ հիշում, որ գների նվազեցում տեղի կունենա։ Բոլորին է հայտնի, թե այս ոլորտում ինչ մեխանիզմ է գործում։ Երկրի առաջին դեմքը որոշում է, որ Պողոսն ու Պետրոսը որոշակի քվոտայով նավթամթերք պետք է մատակարարեն։ Բնականաբար, նա էլ որոշում է, թե ինչ գներով պետք է վաճառվի», - ասաց Բագրատ Ասատրյանը։