Վերջին մարտը՝ Թուրքիայում
Թուրքիայում ընթացող կանանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում այսօր կկայանան վերջին` 11-րդ տուրի պարտիաները:
Մեր շախմատիստուհիներից մեդալի համար կպայքարի միայն Էլինա Դանիելյանը: 10-րդ տուրում նա սեւերով պարտության է մատնել վրացուհի Սալոմե Մելիային եւ այժմ 7 միավորով զբաղեցնում է 8-րդ տեղը:
Վերջին տուրում մեր առաջատար շախմատիստուհին սպիտակներով կմրցի ֆրանսիացի Մարի Սեբագի հետ: Հաղթելու դեպքում Էլինա Դանիելյանը առավելագույնը կարող է հավակնել մրցանակային 2-3-րդ տեղերին, քանի որ նա արդեն 1,5 միավորով ետ է մնում մրցաշարի ընդգծված առաջատար, Սլովենիան ներկայացնող ուկրաինուհի գրոսմայստեր Աննա Մուզիչուկին:
Մեր մյուս շախմատիստուհիները` Լիլիթ Մկրտչյանը (24-րդ տեղ), Մարիա Կուրսովան (28-րդ), Լիլիթ Գալոյանը (57-րդ) եւ Աննա Հայրապետյանը (82-րդ) դուրս են մնացել ոչ միայն մեդալների, այլեւ 1-14-րդ տեղերի համար պայքարից, որոնք աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելու իրավունք են տալիս: