Բացել լրահոսը Փակել լրահոսը
621813928_1345982567570658_4894631029532264099_n
A A
Պաշտոնական

Քրիստոնյաների միասնության համար աղոթքի շաբաթը անցավ Հայ Եկեղեցու վկայության նշանի ներքո

Հունվարի 25-ին Հռոմի Սուրբ Պողոսի տաճարում տեղի ունեցավ Երեկոյան ժամերգություն՝ նախագահությամբ Նորին Սրբություն Պապ Լևոն ԺԴ (XIV)-ի, որով ամփոփվեց Քրիստոնյաների միասնության համար աղոթքի շաբաթը՝ տարբեր Եկեղեցիների և եկեղեցական համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ։
 
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ներկա էին Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսության ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Իրաքի հայոց թեմի առաջնորդ Օշական եպիսկոպոս Գյուլգուլյանը, Հռոմի հայ համայնքի հոգևոր հովիվ հայր Աթանաս Սարգսյանը, ինչպես նաև Շվեյցարիայից ժամանած և այնտեղ ուսանող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ hայր Մաղաքիա Տեր-Մկրտչյանը և hայր Մաշտոց Մխիթարյանը։
Ժամերգության ընթացքում Սրբազան Քահանայապետը հատուկ անդրադարձ կատարեց Հայ Եկեղեցու ավանդին։ Հիշեցնելով, որ այս տարվա աղոթքները պատրաստվել էին Հայաստանի Եկեղեցիների կողմից, Պապը նշեց, որ դրանք վկայություն են այն քաջ քրիստոնեական հավատքի մասին, որը հայ ժողովուրդը դրսևորել է իր պատմության ընթացքում՝ մի պատմություն, որտեղ նահատակությունը մշտական հատկանիշ է եղել։
Սրբազան Քահանայապետը հավատացյալներին կոչ արեց հայացք ուղղել Հայ Եկեղեցու ԺԲ (XII) դարի Կաթողիկոս Սուրբ Ներսես Շնորհալիին՝ հիշատակելով նրան որպես միասնության անխոնջ գործիչ։ Պապի խոսքով՝ Սուրբ Ներսես Շնորհալին խորապես գիտակցում էր, որ Եկեղեցու միասնության որոնումը վերաբերում է ողջ հավատացյալ ժողովրդին և ներառում է նաև հիշողության բժշկումը, որը կոչված է «անցյալի վերքերը փոխակերպել հաշտության ճանապարհների»։
«Սուրբ Ներսեսը մեզ կարող է ուսուցանել նաև այն վերաբերմունքը, որ պետք է ունենանք մեր միասնության ճանապարհին, ինչպես հիշեցնում էր իմ երանաշնորհ նախորդ Սուրբ Հովհաննես Պողոս Բ-ն․ «Քրիստոնյաները պետք է ունենան խոր ներքին համոզմունք, որ միասնությունը անհրաժեշտ է ոչ թե որևէ ռազմավարական առավելության կամ քաղաքական շահի համար, այլ Ավետարանի քարոզության բուն նպատակի համար» (Քարոզ՝ միջեկեղեցական արարողություն, Երևան, 26 սեպտեմբերի 2001)։
Ապա Սրբազան Քահանայապետը հիշեցրեց, որ Հայաստանը, որպես առաջին քրիստոնյա ազգ, շատ վաղ է ընդունել Ավետարանը՝ երբ Տրդատ թագավորը 301 թվականին մկրտվեց Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից։ «Գոհություն հայտնենք, որ փրկության Խոսքը հպարտորեն այն քարոզած մարդկանց միջոցով, Արևելյան և Արևմտյան Եվրոպայի ժողովուրդները ընդունեցին հավատքը առ Հիսուս Քրիստոսի», - ասաց նա։ Պապը կոչ արեց աղոթել, որպեսզի «Ավետարանի ցանած սերմերը շարունակեն պտուղ տալ այս մայրցամաքում` պտուղ միության, արդարության և սրբության, նաև ի նպաստ ամբողջ աշխարհի ժողովուրդների և ազգերի միջև խաղաղութիան»։
Արարողության ընթացքում Պապը հատուկ ողջույն հղեց Կոստանդնուպոլսի Տիեզերական Պատրիարքության ներկայացուցիչ մետրոպոլիտ Պոլիկարպոսին, Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսության ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանին, ինչպես նաև Վատիկանում Քենթերբերիի արքեպիսկոպոսի ներկայացուցիչ եպիսկոպոս Էնթոնի Բոլին