Հայաստանի և Մոլդովայի ԱԳ նախարարները քննարկել են ԵՄ-ին առնչվող փոխգործակցության հարցեր (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀունվարի 26-ին Ստրասբուրգում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Միխայ Պոպշոյի հետ:
Հանդիպման մեկնարկին նախարար Միրզոյանը շնորհավորել է գործընկերոջը` Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ:
Արարատ Միրզոյանը և Միխայ Պոպշոյը քննարկել են Հայաստանի և Մոլդովայի միջև գործընկերության զարգացման և երկկողմ օրակարգի ընդլայնման հնարավորությունները։ Երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Մոլդովայի համար ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, այդ թվում՝ տնտեսական համագործակցության ակտիվ խթանման հարցում հետաքրքրությունը։
Մտքեր են փոխանակվել ժողովրդավարական ինստիտուտների շարունակական ամրապնդման, խառնածին սպառնալիքների, այդ թվում՝ ապատեղեկատվությանն արդյունավետ հակազդելու մեխանիզմների շուրջ:
Հայաստանի և Մոլդովայի ԱԳ նախարարները քննարկել են Եվրոպական միությանն առնչվող փոխգործակցության հարցեր՝ ընդգծելով եվրոպական ինտեգրման գործընթացում փորձի փոխանակման պատրաստակամությունը։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել առաջիկայում Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային ու միջազգային զարգացումների շուրջ։