Բացել լրահոսը Փակել լրահոսը
եխխվ
A A
Քաղաքականություն

ԵԽԽՎ-ն մտահոգություն է հայտնում ՀՀ վարչապետի և Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդի միջև լարվածության կապակցությամբ

Ազատություն ռ/կ

ԵԽԽՎ Վեհաժողովը խորը մտահոգություն է հայտնում Հայաստանի վարչապետի և Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդի միջև լարվածության և եկեղեցու մի քանի հոգևորականների կողմից իշխանությունը զավթելու փորձի մասին հաղորդումների կապակցությամբ, ասված է վեհաժողովում այսօր ընդունված զեկույցում։

Փաստաթուղթը նաև ափսոսանք է հայտնում Հայաստանում քաղաքական բոլոր հակառակորդների կողմից դաշտի չափազանց բևեռացման և պիտակավորման համար։

«Վերահաստատելով, որ 2018 թվականից ի վեր մեկը մյուսին հաջորդած ընտրությունները զերծ են եղել խախտումներից, Վեհաժողովը միաժամանակ վերստին ընդգծում է, որ անհրաժեշտ է կանոնակարգեր կիրառել՝ պետական միջոցների չարաշահման և քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման ոլորտում», - ասված է լատվիացի պատգամավոր, Լատվիայի խորհրդարանի փոխխոսնակ Զանա Կալնինա-Լուկաշևիցայի զեկույցում։

«2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ Վեհաժողովը կոչ է անում Հայաստանին բարելավել քաղաքական մեծամասնության և ընդդիմության միջև հարաբերությունները՝ ապահովելու, որ ընտրարշավը լինի թեմաների ու քաղաքական ուղղվածության շուրջ և զերծ՝ ընտրությունների մասնակիցների միջև անձնական հարձակումներից: Այս համատեքստում Վեհաժողովը հղում է կատարում Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի Եվրոպական հանձնաժողովի (ECRI) առաջարկությանը, որ «ընտրված մարմինները և քաղաքական կուսակցությունները պետք է ընդունեն համապատասխան վարքագծի կանոններ, որոնք արգելում են ատելության խոսքի օգտագործումը, կոչ են անում իրենց անդամներին և հետևորդներին ձեռնպահ մնալ դրա մեջ ներգրավվելուց, հավանություն տալուց կամ տարածելուց՝ նախատեսելով պատժամիջոցներ», - ասված է զեկույցում:

Վեհաժողովը նաև ի գիտություն է ընդունել վարչապետ Փաշինյանի՝ 2026 -ի հունիսյան խորհրդարանական ընտրություններից հետո սահմանադրական հանրաքվե կազմակերպելու մտադրությունը։

Վեհաժողովը կոչ է անում Ալիևի վարչակազմին ազատ արձակել 23 հայ կալանավորվածներին

Զեկույցի՝ Ադրբեջանի վերաբերյալ մասում Վեհաժողովը կոչ է անում Ալիևի վարչակազմին դադարեցնել ընդդիմադիրների հետապնդումները և անհապաղ ազատ արձակել քաղաքական դրդապատճառներով կալանավորված բոլոր անձանց, այդ թվում՝ 23 հայ կալանավորվածներին:

«ԵԽԽՎ-ն շարունակում է լրջորեն մտահոգված մնալ Ադրբեջանում մարդու իրավունքների հետագա վատթարացմամբ և ենթադրաբար քաղաքական դրդապատճառներով կալանավորված անձանց թվի աճով, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության ակտիվիստների, լրագրողների և լրատվամիջոցների աշխատողների, գիտնականների, ընդդիմադիր քաղաքական գործիչների և կառավարության այլ քննադատների», - ասված է զեկույցում:

Զեկույցը կազմվել է անցած տարեվերջին, երբ չորս հայ գերիները Բաքվից դեռ չէին հայրենադարձվել։ Նրանց, ինչպես նաև մինչ օրս Ադրբեջանի բանտերում գտնվող Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությանը Վեհաժողովը դասում է քաղաքական դրդապատճառներով ձերբակալվածների շարքում։