Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արոնյանի մրցակցին կընտրեն շախմատասերները

Սպորտ
be10226912d7de861e3969ce56ab35bc

2012 թվականի շախմատի Միխայիլ Տալի հուշամրցաշարի մասնակիցներից մեկին կընտրեն շախմատասերները: Այդ մասին տեղեկացրել է Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի գործկոմի նախագահ Իլյա Լեւիտովը:

Արդեն մրցաշարին մասնակցելու համաձայնություն են տվել ՖԻԴԵ-ի վարկանիշով աշխարհի երեք ուժեղագույն շախմատիստները` նորվեգացի Մագնուս Կառլսենը, մեր Լեւոն Արոնյանը եւ ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը: Հուշամրցաշարի կազմակերպիչները հրավիրել են նաեւ Թեյմուր Ռաջաբովին (Ադրբեջան, 5-րդ տեղը ՖԻԴԵ-ի աղյուսակում), Վասիլի Իվանչուկին (Ուկրաինա, 8), Ալեքսանդր Գրիշչուկին (Ռուսաստան, 11), Հիկարու Նակամուրային (ԱՄՆ, 12) եւ Ֆաբիանո Կարուանային (Իտալիա, 17):

Մնացած երկու մասնակիցներից մեկին կհրավիրի Ռուսաստանի շախմատի ֆեդերացիան, որն այդ երկրի ներկայացուցիչը կլինի, իսկ ահա արտասահմանցի վերջին մասնակցին կընտրեն շախմատասերները` ինտերնետային հարցման միջոցով:

Լրագրողների այն հարցին, թե ինչո՞ւ հուշամրցաշարին չի հրավիրվել աշխարհի նախկին չեմպիոնը՝ բուլղարացի Վեսելին Թոփալովը, որը 6-րդն է ՖԻԴԵ-ի աղյուսակում, Իլյա Լեւիտովը ասել է. «Թոփալովը հրավիրվողների մեջ չի լինի այնքան ժամանակ, մինչեւ Դանաիլովը հրապարակավ ներողություն չխնդրի Էլիստա-2006-ի համար»:

ՌՇՖ-ի գործկոմի նախագահը նկատի ունի 2006 թ Կալմիկիայի մայրաքաղաքում կայացած Վլադիմիր Կրամնիկ - Վեսելին Թոփալով աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղը, որի ժամանակ բուլղարացի շախմատիստի գործակալ Սիլվիո Դանաիլովը մի քանի սկանդալներ էր հրահրել` կազմակերպիչներին մեղադրելով Կրամնիկին սատարելու մեջ (ի դեպ, Դանաիլովը այժմ ղեկավարում է շախմատի Եվրոպայի ֆեդերացիան):

Նշենք, որ Միխայիլ Տալի այս տարվա հուշամրցաշարը տեղի կունենա հունիսի 7-19-ին, Մոսկվայում: