«Ես հրաժարվեցի ՀՀ քաղաքացիությունից»
Գյումրիի «Շիրակի» նախկին դարպասապահ Իգոր Լոգվինովը հայտարարել է, որ եթե իրեն ամերիկյան քաղաքացիություն առաջարկեին, ապա որոշ չափով կխորհեր այդ մասին, բայց Հայաստանի քաղաքացիություն ստանալու մասին ընդհանրապես չէր մտածի:
«Հայաստանում դարպասապահների հետ կապված խնդիրներ կան: Ռոման Բերեզովսկին շուտով կավարտի ելույթները: Լսել եմ, որ այժմ ցանկանում են քաղաքացիություն տալ օտարերկրացի դարպասապահներից մեկին եւ հրավիրել հավաքական: Լուրեր էին պտտվում նաեւ իմ մասին, սակայն ես հրաժարվեցի Հայաստանի քաղաքացիությունից» - բելառուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ խոստովանել է 28-ամյա դարպասապահը:
Եվրո-2012-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի հաջող ելույթները նա բացատրել է մի քանի գործոններով. «Հայաստանում ամեն ինչ անում են ֆուտբոլի համար, ակադեմիաներ են ստեղծում, նոր մարզադաշտեր են կառուցում: 2011 թ լավ արդյունքները անմիջապես կապված են «Փյունիկի» հետ, որը հավաքականի բազային թիմն է, այդ իսկ պատճառով ֆուտբոլիստները լավ են համագործակցում դաշտում» - եզրակացրել է Իգոր Լոգվինովը, որը ներկայումս «Փյունիկի» նախկին դարպասապահ Արթուր Լեսկոյի հետ պայքարում է «Մինսկ» թիմի հիմնական դարպասապահի տեղի համար: