Դարչինյանը կփորձի նվաճել WBA-ի գոտին
Թեթեւ քաշային կարգում IBO-ի վարկածով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանն այսօր կփորձի նվաճել նաեւ WBA-ի չեմպիոնական գոտին:
Այդ նպատակով, Հայաստանը ներկայացնող պրոֆեսիոնալ բռնցքամարտիկն այսօր ԱՄՆ-ում կմենամարտի պանամացի Անսելմո Մորենոյի հետ, որը 2008 թվականին տիրելով WBA-ի քաշային նույն կարգի չեմպիոնի կոչմանը` արդեն 8 անգամ պաշտպանել է այդ գոտին:
35-ամյա հայ բռնցքամարտիկի համար դա կլինի 42-րդ մենամարտը՝ պրոֆեսիոնալ ռինգում: Մինչ այդ Վախթանգը 37 անգամ հաղթանակ է տարել, մեկ մենամարտ ավարտվել է ոչ-ոքի, եւ միայն 3-ում է նա պարտություն կրել:
Անսելմո Մորենոն, որը 9 տարով փոքր է Վախթանգ Դարչինյանից, պրոֆեսիոնալ ռինգում ցույց է տվել այսպիսի արդյունքներ՝ 33 մենամարտ, 31 հաղթանակ, մեկ ոչ-ոքի եւ մեկ պարտություն:
Հիշեցնենք, որ Վախթանգն իր վերջին մենամարտն անցկացրել է այս տարվա սեպտեմբերի 3-ին, Երեւանում, եւ տպավորիչ հաղթանակի է հասել հարավաֆրիկացի Էվանս Մբամբայի նկատմամբ: