Կկայանա Հայաստան-Ադրբեջան հանդիպումը
Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 2-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը կհանդիպի Ադրբեջանի տղամարդկանց ընտրանու հետ, որը վարկանիշով 3-րդն է մրցաշարում:
Մեր շախմատիստները առաջին խաղում հեշտությամբ հաղթեցին Ավստրիայի հավաքականին` 3,5:0,5, ընդ որում՝ մերոնք հանդես եկան առանց իրենց առաջատարի՝ Լեւոն Արոնյանի: Մեր մրցակիցը առաջին տուրում մեծ դժվարությամբ առավելության հասավ Իտալիայի նկատմամբ` 2,5:1,5:
Այսօր մեր ընտրանին հանդես կգա ուժեղագույն կազմով՝
Լեւոն Արոնյան - Տեյմուր Ռաջաբով
Վուգար Հաշիմով - Սերգեյ Մովսիսյան
Վլադիմիր Հակոբյան - Շախրիյար Մամեդյարով
Հադիր Հուսեյնով - Գաբրիել Սարգսյան
Հիշեցնենք, որ այս տարի Չինաստանում կայացած շախմատի աշխարհի թիմային առաջնությունում երկու երկրների հավաքականները հանդիպումն ավարտել էին 2:2 հաշվով։
Հայաստանի կանանց հավաքականը իր անդրանիկ մրցամարտում Չեխիայի ընտրանու հետ խաղաց «ոչ-ոքի»՝ 2:2: Մեր թիմը վերահաս պարտությունից փրկեց Էլինա Դանիելյանը, որը երկարատեւ պայքարից հետո (պարտիան ավարտվեց 128-րդ քայլին) հաղթեց իր մրցակցին եւ հավասարեցրեց հաշիվը: Մինչ այդ, Լիլիթ Գալոյանը պարտություն էր կրել, իսկ Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Կուրսովան խաղն ավարտել էին «ոչ-ոքի» հաշվով:
Այսօր մեր շախմատիստուհիներն ուժերը կչափեն Խորվաթիայի թիմի հետ, որը առաջին խաղում 1:3 հաշվով պարտվել է Լեհաստանին: