Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

«Փաստագրելով հանցագործությունը. Հայոց ցեղասպանությունը վերապրողների առաջին վավերագրումները»

Այսօր՝ ապրիլի 23-ին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում տեղի ունեցավ «Փաստագրելով հանցագործությունը. Հայոց ցեղասպանությունը վերապրողների առաջին վավերագրումները» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը` նվիրված Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին:

Բացմանը ներկա էին ՀՀ-ում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանը, ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրները, ՀՀ-ում Կիպրոսի արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մավրոսը, Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Անտե Յոզիչը և այլք:

Ներկաներին ողջունեց և բացման խոսքով հանդես եկավ ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը, որը ներկայացրեց ցուցադրության թեմայի կարևորությունն ու նշանակությունը: Նա իր խոսքում նշեց. «Այս ցուցադրությունը նվիրված է Հայոց ցեղասպանության հայ վավերագրողներին՝ մտավորականներին, հոգևորականներին, ռազմական և քաղաքական ու հասարակական գործիչներին, որոնցից շատերը անցել էին աքսորի ճանապարհը, եղել էին կատարվածի ականատեսը: Որոշեցինք ներկայացնել այն անգնահատելի աշխատանքը, որը մեկ դար առաջ կատարվել է Հայոց ցեղասպանության մասին տեղեկատվությունը վավերագրելու, փաստագրելու, հետագայում այն միջազգային հանրությանը ներկայացնելու և հաջորդ սերուդներին փոխանցելու համար»:

Իր խոսքում Հրաչյա Թաշչյանը շնորհակալություն հայտնեց ՀՑԹԻ թանգարանային ցուցադրությունների կազմակերպման պատասխանատու Սեդա Պարսամյանին, Ֆուտուրիս արքիտեկտ ընկերությանը՝ ցուցադրության ճարտարապետական ձևավորման համար և ՄՌՆ ընկերությանը գաղափարի իրականացման համար:

Բացման խոքսից հետո ներկաները շրջեցին ցուցասրահներով, ծանոթացան նոր ցուցադրությանը, որը կգործի մինչև 2027 թ. ապրիլը:

Ցուցադրությունում ներկայացված է Հայոց ցեղասպանության տարիներին (1915-1923 թթ.) հայ անհատների, հայկական հոգևոր, հասարակական-քաղաքական կառույցների փաստահավաք աշխատանքները՝ փաստագրման և արխիվային հիմնական կենտրոններով:

Փաստահավաք գործն իրականացնողների մեծ մասը ցեղասպանությունից հրաշքով փրկված հայեր էին, որոնք մի կողմ դնելով անձնական ողբերգության և զոհի հուզական կողմերը՝ մեծ պատասխանատվությամբ ու գիտակցումով լծվում են այդ կարևոր առաքելությանը: Վկայություններն ու վավերագրերը հայ ժողովրդի հավաքական գոյության ճակատագրական պահին ոճրագործությանը դիմադրելու, սեփական պատմությունն ու հիշողությունը պահպանելու և փոխանցելու կարևոր ցուցիչներ են։

Այս վավերագրերը՝ որպես առաջնային և հիմնարար սկզբնաղբյուր, դրվեցին Հայոց ցեղասպանության հետագա ուսումնասիրության հիմքում: Ցուցադրության մեջ ներկայացված են Հայոց ցեղասպանության վերաբերյալ վաղ հուշագրություններ, օրագրություններ, ֆոտո-դոկումենտալ նյութեր և այլն: