Բացել լրահոսը Փակել լրահոսը
660355100_1260519872869864_2110992319921470579_n
A A
Պաշտոնական

Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունել է Հայորդյաց տների սաներին

Մարտի 29-ին՝ Ծաղկազարդի տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հովանու ներքո գործող Հայորդյաց տների շուրջ 760 սաների:
 
Հայորդյաց տների հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Տ․ Հարություն վարդապետ Կիրակոսյանը սաների անունից ուրախություն հայտնեց Ծաղկազարդի տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելելու և Հայոց Հայրապետի օրհնությունը ստանալու հնարավորության համար։
 
Իր օրհնությունն ու հայրական սերը փոխանցելով հայորդիներին` Նորին Սրբությունը գոհունակությամբ ընդգծեց, որ ի դեմս Հայորդաց տների Հայ Եկեղեցին իր կարևոր նպաստն է բերում մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործին։
 
Վեհափառ Հայրապետն ուրախությամբ հաստատեց, որ Հայորդյաց տներում ոչ միայն բացահայտվում ու զորանում են հայորդիների տաղանդներն ու շնորհները, այլ նաև կերտվում է նրանց նկարագիրը՝ խարսխված հոգևոր և ազգային արժեքների վրա։ Այս առնչությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսն արձանագրեց, որ սաներն իրենց ձեռք բերած հմտություններն ու կարողությունները կծառայեցնեն հայրենիքի առաջընթացին։
 
Հանդիպմանը Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց Հայորդյաց տների տնօրեն կազմին, մանկավարժներին և Հայորդյաց տներում հոգևոր ծառայություն իրականացնող քահանա հայրերին իրենց նախանձախնդիր, ժրաջան ու նվիրյալ աշխատանքի համար։
 
Վերջում Հայոց Հովվապետը Հայորդյաց տան սաներին ընծայեց Ընտանեկան Աստվածաշնչեր և խաչեր։