Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

135-ամյա Դաշնակցությունը ո՞նց տարաք, դրիք Քոչարյանի ոտքերի տակ․ Կոնջորյան (տեսանյութ)

ԱԺ նիստում ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանն իր ելույթում անդրադարձավ պատմական և քաղաքական համեմատություններին՝ հիշատակելով Սիմոն Վրացյանին։

Նա ասաց, որ 1921 թվականին Վրացյանը նամակ էր ուղարկել Անկարա՝ խոսելով Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների անհրաժեշտության մասին և ռազմական աջակցություն խնդրել բոլշևիկների դեմ պայքարի համար, հավելելով, որ նրա ղեկավարած կառույցը կոչվում էր «Հայրենիքի փրկության կոմիտե»։

Կոնջորյանը հայտարարեց. «100 տարի անց էդքան ֆանտազիա չունենաս, որ գնաս Սիմոն Վրացյանի հայրենիքի փրկության կոմիտեն բերես ու 180 աստիճանով հակառակ Սիմոն Վրացյանի գաղափարախոսությունն իրագործես»։

Նա ընդգծեց, որ այսօր իշխանությունը ընդամենը խոսում է հարաբերությունների կարգավորման մասին, սակայն դրա դիմաց մեղադրվում է դավաճանության մեջ. «Մենք այսօր ընդամենը ասում ենք՝ հարաբերություն կարգավորենք, մեզ ասում եք դավաճան»։

Պատգամավորը նաև անդրադարձավ Դաշնակցության ներկայացուցիչներին՝ հայտարարելով. «Ասում եք՝ Դաշնակցությունը ազգային արժեք է, բա էդ 135-ամյա Դաշնակցությունը ո՞նց տարաք դրեցիք Ռոբերտ Քոչարյանի ոտքերի տակ»։

Ելույթի ընթացքում Կոնջորյանը բերեց նաև օրինակ Նասիմ Նիկոլաս Թալեբի աշխատությունից՝ ներկայացնելով «հնդկահավի» հայտնի պատմությունը՝ որպես սխալ կանխատեսումների օրինակ։

Նրա խոսքով՝ այդ պատմությունը ցույց է տալիս, թե ինչպես կարող են վերլուծությունները սխալ լինել մինչև կտրուկ շրջադարձային պահը։

Պատգամավորը հարց բարձրացրեց. «Հիմա ի՞նչ եք ուզում, որ Հայաստանը տանեք երաշխավորի մոտ, որ ինքը իր ուզած օրը իր շահի համար Հայաստանը մատաղ անի, դնի աշխարհաքաղաքական առևտրի զոհասեղանի՞ն»։

Կոնջորյանը նաև հայտարարեց, որ վերջին երկու տարիներին, իր խոսքով, հրադադարի պայմաններում զոհեր չեն եղել և քննադատեց ընդդիմությանը՝ նշելով. «Հանգիստ չունեք, որ 2 տարի է կրակոցից մարդ չի զոհվել, դուք էլ որպես ողբերգության մունետիկներ չեք եկել էս ամբիոնից ասել՝ վայ իշխանությունը մեզ տանում է պատերազմի»։

Նա անդրադարձավ նաև անցյալ իշխանություններին՝ հայտարարելով. «Հիշեք ձեր կառավարման տարիները, երբ քոչարյանասերժական բանդաները Հայաստանի փողոցները, հրապարակները, պադյեզդները դարձրել էին իսկական պատերազմի թատերաբեմ»։ Ելույթի ավարտին Կոնջորյանը քննադատեց խոսքի ազատության վիճակը նախկինում՝ նշելով. «Էսօր ինչ վաքսի վրի մեյմուն կա ,իրան դրել է լրագրողի տեղ։ Վարչապետին ինչ հարց ասես տալիս են, բայց ձեր ժամանակ տենց ընդդիմադիր լրագրողների ծնոտը ջարդում էին»՝ հավելելով. «Դա էր ձեր իշխանությունն ու ձեր դեմքը»։