Նրանք չեն ասում, որ տեղ են բացում 300.000 ադրբեջանցիների համար․ Արմենուհի Կյուրեղյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինСтаньте спонсором канала, и вы
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հայտարարեց, որ փորձել է վերլուծել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին երկու օրերի հայտարարությունները։
Նա ասաց, որ վարչապետի խոսքերից կարելի է ենթադրել, թե կա տեղեկություն, ըստ որի՝ եթե ՔՊ-ն ընտրություններում սահմանադրական մեծամասնություն չստանա, ապա պատերազմ կսկսվի։ «Սա շանտաժ է, վախի մթնոլորտ ու իրենց ընտրելու պարտադրանք»,- նշեց Կյուրեղյանը՝ դա դիտարկելով նաև որպես պաշտոնեական դիրքի չարաշահում։
Կյուրեղյանը նաև հարց բարձրացրեց. «Ո՞րն է այդ տեղեկության աղբյուրը, ո՞վ է պատերազմ սկսելու և ինչո՞ւ են դրա մասին ՔՊ-ին հայտնել»։
Նա նաեւ հայտարարեց, որ, իր գնահատմամբ, «ոչ ոք ավելի լավ, քան Փաշինյանն ու ՔՊ-ն, չգիտի, թե իրենք ինչ են խոստացել թուրք-ադրբեջանական տանդեմին, ինչի դիմաց են խոստացել և ինչ է իրենց սպասվում այդ խոստումները չկատարելու դեպքում»։
Պատգամավորը ասաց, որ միշտ համոզված է եղել, թե գործող իշխանությունը իշխանության է եկել «երկիրը կործանելու, Արցախը հանձնելու, մեր ինքնիշխանությունը զոհաբերելու ծրագրով»՝ հավելելով. «երեկ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հաստատեց դա՝ ասաց՝ մենք գիտակցված զոհաբերել ենք Արցախը ու անկախություն ձեռք բերել»։
Նա անդրադարձավ նաև տարածաշրջանային հայտարարություններին՝ նշելով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, իր խոսքով, պարբերաբար հայտարարում է, թե «Հայաստանը պետք է դառնա թուրքական վիլայեթ»։
Պատգամավորի գնահատմամբ, այդ նպատակի իրագործման համար անհրաժեշտ էր Հայաստանում ձևավորել իշխանություն, որը պատրաստ կլիներ սպասարկել այդ խնդիրները։ Նրա խոսքով՝ երբ սկսում ես գնահատել ՔՊ-ի գործողությունները, «հասկանում ես թե նպատակը, թե խնդիրները»։
Պատգամավորը նշեց, որ նման խնդիրներ լուծելու համար նախ պետք էր ուսումնասիրել, թե երկրի ժողովրդի համար որ արժեքային համակարգն է առաջնային՝ հավելելով, որ հայ ժողովրդի համար դրանք են ընտանիքը, հայրենիքը, կրթությունը, բանակը, հաղթանակները, ցեղասպանության դատապարտումն ու փոխհատուցումը, ինչպես նաև ճիշտ հարաբերությունները հարևան և գործընկեր պետությունների հետ։
Կյուրեղյանը հայտարարեց. «Նախ ձևավորվեց մի թիմ, որը պատրաստ էր հանուն փողի ու շահի իրականացնել տանդեմի նպատակը»։
Նրա խոսքով՝ իշխանության գալուց հետո ՔՊ-ն «սկսեց ընտանեկան արժեքների խեղաթյուրում, բանակի հերոսների հեղինակազրկում, կրթական համակարգը քանդելու գործընթաց, գործընկեր երկրների հետ հարաբերությունների փչացում՝ Իրան, Ռուսաստան, Վրաստան, ցեղասպանության ճանաչման գործընթացի հրաժարական»։
Պատգամավորը ասաց. «Սկզբում սուտ խոստումներ տվեցին՝ աշխատատեղեր, թոշակներ, խաղաղություն, քվե կորզեցին»։
Նրա գնահատմամբ՝ այսօր արդեն իշխանությունները հասկանում են, որ «հայ ժողովուրդը ասֆալտը չի գերադասում հայրենիքից», և նշեց, որ նույնիսկ իրենց կառուցած ենթակառուցվածքները «սկսել են քանդվել՝ ապտակ հասցնելով իրենց»։ Նա նաև հավելեց, որ թոշակների բարձրացումը և առողջության ապահովագրության համակարգը, իր խոսքով, «ավելի շատ բողոքներ են առաջացրել», իսկ «բեմադրված մարզային հանդիպումները այլևս չեն օգնում»։
Կյուրեղյանը հայտարարեց, որ իշխանությունները, իր գնահատմամբ, հանրային մերժման են բախվում, և «դրա համար էլ անցել են շանտաժի ու վախի մթնոլորտի ստեղծման»։
Անդրադառնալով հնարավոր զարգացումներին՝ նա հարց բարձրացրեց. «Հիմա է՞լ ինչ գիտակցված զոհողությունների են գնալու եթե վերընտրվեն»՝ շարունակելով. «Սահմանադրությունը գրելու են Ադրբեջանի թելադրանքով, մարզային բուհերը փակելու են, դպրոցների ու առողջապահական հիմնարկների օպտիմալացման համար դրանք փակելու են ու տեղ բացելու 300000 ադրբեջանցիների համար, որոնք շատ արագ կդառնան վաղվա մեր երկրի քաղաքացիները ու մեր երկրի տերը»։
Ելույթի ավարտին պատգամավորը հայտարարեց. «Իմացեք՝ դուք չեք վերընտրվելու, պատերազմ էլ չի լինելու»։