Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան և Սունդուկյան փողոցների խաչմերուկում
Աջակցիր «Ա1+»-ինՄարտի 20-ին Երևան քաղաքի Վաղարշյան և Սունդուկյան փողոցների խաչմերուկում բեռնատար ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին, ինչի հետևանքով վերջինս մահացել է։ Այս մասին հայտնում է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը։
«Հաղորդման առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Բեռնատար ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է:
Հաշվի առնելով վերջին ժամանակաշրջանում Երևան քաղաքում բեռնատար ավտոմեքենաների մասնակցությամբ արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը՝ հորդորում ենք ճանապարհային երթևեկության մասնակիցներին, հատկապես՝ բեռնատար ավտոմեքենաների վարորդներին, ցուցաբերել առավելագույն զգոնություն, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները»,- գրել է նա։