Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Կենսաթոշակի բարձրացում, աշխատանքային ստաժի հաշվարկ․ ապրիլի 1-ից ուժի մեջ մտնող փոփոխությունները (տեսանյութ)

Ապրիլի 1-ից կենսաթոշակային համակարգում նախատեսվում են հիմնարար փոփոխություններ․ այս մասին այսօր ասուլիսում հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը։

Նրա խոսքով՝ փոփոխություններից առաջինը կենսաթոշակների բարձրացումն է, երկրորդը՝ վճարումների ամբողջական անցումը անկանխիկ եղանակի։

Հայաստանում կա շուրջ 502 հազար կենսաթոշակառու, որոնցից մոտ 460 հազարի կենսաթոշակը կավելանա ուղիղ 10 հազար դրամով։ Միաժամանակ, շուրջ 124 հազար սոցիալական նպաստ ստացող քաղաքացիների վճարները նույնպես կբարձրանան 10 հազար դրամով։

«Մարտ ամսվա կենսաթոշակի չափին կավելանա առնվազն 10 հազար դրամ»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ որոշ խմբերի համար աճը կլինի ավելի մեծ։

Մասնավորապես, հաշմանդամության խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձանց կենսաթոշակը կավելանա 14 հազար դրամով, ծանր աստիճանի դեպքում՝ 12 հազար դրամով։

 Անդրադառնալով զինվորական կենսաթոշակներին՝ Գալստյանը նշեց, որ դրանց հաշվարկման մեխանիզմները տարբեր են, սակայն միջինում աճը կկազմի շուրջ 8500 դրամ, իսկ պարտադիր ժամկետային զինծառայողների դեպքում՝ 10 հազար դրամ։

Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ Աննա Բեգլարյանը տեղեկացրեց, որ ծրագրային կարգավորումներն արդեն թեստավորման փուլում են, և շահառուները բարձրացված կենսաթոշակները կստանան արդեն ապրիլից։

Նա անդրադարձավ նաև կենսաթոշակների անկանխիկ վճարման գործընթացին՝ նշելով, որ անցումը կազմակերպելու համար դեռ հունվարից սկսվել են բանակցություններ և կնքվել համապատասխան համաձայնագրեր բանկերի հետ։ Նրա խոսքով՝ կենսաթոշակառուների մոտ 80 տոկոսը արդեն ընտրել է իր սպասարկող բանկը։

Բեգլարյանի տեղեկացմամբ՝ այն քաղաքացիների համար, որոնք չեն կատարել ընտրություն, համակարգը բանկը սահմանել է ավտոմատ կերպով։ Քաղաքացիները կարող են իրենց սպասարկող բանկի մասին տեղեկանալ թեժ գծով, տարածքային կենտրոններում կամ առցանց՝ ssa.am հարթակում։

Նա նաև նշեց, որ բանկերը արդեն սկսել են քարտերի տրամադրման և առաքման գործընթացը, այդ թվում՝ այն քաղաքացիների համար, որոնք դժվարանում են անձամբ ներկայանալ։ Միևնույն ժամանակ, ապրիլի 1-ից հետո քաղաքացիները հնարավորություն կունենան փոխել իրենց ընտրած բանկը։

Անահիտ Գալստյանը հավելեց, որ համագործակցող բանկերի թիվը 12-ն է, որոնցից 5-ի հետ արդեն կնքվել են պայմանագրեր, իսկ մյուսներն աջակցում են գործընթացին։

Աննա Բեգլարյանի խոսքով՝ ծառայության ողջ անձնակազմը ներգրավված է, որպեսզի փոփոխությունները իրականացվեն հնարավորինս սահուն։