«Անկեղծ զարմանում եմ այն քաղաքացիների վրա, որոնք չեն ուզում մտնել կարգավորման դաշտ»․ ՊԵԿ նախագահի տեղակալը եկամուտների հայտարարագրման մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը Հայաստանում արդեն գործում է, և այս տարի բոլոր քաղաքացիները պարտադիր դառնում են հայտարարատու։
Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի խոսքով՝ համակարգը սկսել են ներդնել դեռևս երկու տարի առաջ, և այն շարունակաբար պարզեցվում ու արդիականացվում է։
Այս տարվա հայտարարագրման գործընթացը մեկնարկել է մարտի 2-ին և կշարունակվի մինչև նոյեմբեր։ Այդ ընթացքում քաղաքացիները կարող են լրացնել կամ ճշգրտել իրենց եկամուտների վերաբերյալ տվյալները։ Եթե մինչև նոյեմբերի 1-ը լրացուցիչ գործողություն չկատարվի, ապա համակարգում առկա տվյալները առանց հավելումների կփոխանցվեն ՊԵԿ։
Գևորգյանի խոսքով՝ հայտարարագրման պարտավորություն ունեն բոլոր քաղաքացիները, այդ թվում՝ նաև թոշակառուները։ Սակայն այն տվյալները, որոնք արդեն առկա են պետության տեղեկատվական համակարգերում, ինքնաշխատ կերպով լրացվում են հայտարարագրում։
Քաղաքացիները կարող են մուտք գործել համակարգ նաև հեռախոսով և տեսնել նախապես լրացված հայտարարագիրը։ «Եթե, օրինակ, թոշակառուները բացի թոշակից այլ եկամուտ չունեն, ապա լրացուցիչ որևէ գործողություն անելու անհրաժեշտություն չկա, քանի որ թոշակներն ինքնաշխատ կերպով լրացվում են համակարգում», - հայտնում է փոխնախագահը։
Նա կարևորում է համակարգ մուտք գործելու գործընթացը՝ նշելով, որ այն հնարավորություն է տալիս քաղաքացուն ամբողջական պատկերացում ունենալ պետությանը վճարվող հարկերի մասին։
Ասուլիսի ընթացքում նա անդրադարձավ նաև միջանձնային փոխանցումներին։ Նրա խոսքով՝ նվիրատվությունները կամ փոխառությունները նախկինում էլ հայտարարագրման ենթակա էին, սակայն այժմ սահմանվել է շեմ։ Մինչև 1 միլիոն դրամի փոխանցումները հայտարարագրելու անհրաժեշտություն չկա, իսկ այդ գումարը գերազանցելու դեպքում դրանք պետք է հայտարարագրվեն, բայց չեն հարկվի։ Միաժամանակ վերացվել է ստացած վարկերը հայտարարագրելու պահանջը։
Գևորգյանը տեղեկացրեց, որ վերանայվել է նաև գույքի առուվաճառքի գործարքների շեմը։ Եթե գործարքը գերազանցում է 1 միլիոն դրամը, այն պետք է հայտարարագրվի, սակայն դրանից ևս հարկ չի գանձվելու։
ՊԵԿ նախագահի տեղակալը շեշտեց, որ հայտարարագրման համակարգի նպատակը ստվերային եկամուտների բացահայտումը չէ, այլ հարկային պարտավորությունները պարզ և հարմար ձևով ներկայացնելը։ Նրա խոսքով՝ համակարգը նաև կարևոր դեր ունի կամավոր հարկային կարգապահության և քաղաքացիական գիտակցության բարձրացման գործում։
Միաժամանակ նա նկատեց, որ ՊԵԿ-ը, անկախ հայտարարագրման համակարգից, ունի վարչարարական գործիքներ՝ վերահսկողություն իրականացնելու համար։
«Անկեղծ զարմանում եմ այն քաղաքացիների վրա, որոնք չեն ուզում մտնել կարգավորման դաշտ, ապօրինի ձեռնարկատիրությամբ են զբաղվում. դրա դեպքում եկամուտի մինչև 50 տոկոս տուգանք է հասնում»,– ասաց Գևորգյանը։
Նրա խոսքով՝ անցած տարվա ընթացքում լայն իրազեկման աշխատանքներ են իրականացվել, այդ թվում՝ մարզերում, որպեսզի քաղաքացիները հասկանան իրենց պարտավորությունները և առանց դժվարության ներկայացնեն հայտարարագրերը։