«Ուրվականը» տեղափոխվո՞ւմ է Վայոց ձոր
Աջակցիր «Ա1+»-ինԵս ուրվական չեմ, բայց ինձ մի նկարեք,- շենքի վերջին հարկից ներքևում գտնվողներին է դիմում միջին տարիքի տղամարդը, որը նորոգման աշխատանքներ է անում։ Նոյեմբերյան կիրակի է, բայց դեռ տաք, արևոտ։ «Մենք մի պապիկի ենք փնտրում, որ այդ տանն էր բնակվում»,- ներքևից արձագանքում է բնապահպան Նազելի Վարդանյանը, որն այստեղ է եկել լրագրողների հետ։ Պատասխանը կարճ է՝ մահացել է։
Երկխոսությունը տեղի է ունենում Սյունիքի մարզի Դաստակերտ քաղաքում, որը հայտնի է պղնձամոլիբդենային հանքավայրով, և որի՝ 90-ականներին փակվելուց հետո բնակիչների թիվը 3000-ից նվազելով հասել է 200-ի, ու բնակավայրը ստացել «ուրվական-քաղաք» որակումը։
Բնակիչների թիվն այնքան քիչ է, որ երկու-երեք ժամվա ընթացքում հինգ բնակչի ենք հանդիպում, որից երկուսը Դաստակերտում միայն հանգստյան օրերն են անցկացնում։
Կիսաքանդ շենքերից մեկի մոտ ոչխարների հոտն է արածում։ Երբ գոռալով փորձում ենք հովիվից տեղեկանալ՝ ում հոտն է, արձագանքում է՝ Տեղ գյուղի։
Լքված ու ավերակ դարձած շենքեր, հանքավայր տանող թունելի փակ մուտք, որտեղ հոսող գետակի ջուրը տարօրինակ գույն ունի։
«Վերևից գետ մտնում է մաքուր ջուր ու այստեղից դուրս է գալիս դեղին, ժանգի գույնի։ Չգիտեմ` ինչ ջուր է, ու եթե տանը թեստավորում անենք,ապա կհասկանանք, թե մեջը ինչ պարունակություն կա։
Ուրեմն, 30 տարուց ավել այդ հանքը չի գործում, մեկ է՝ իր վնասը մնում է, որովհետև ռեկուլտիվացիա չեն արել, ոչինչ չեն արել, որ վնասը վերականգնեն։ Դա մեծ գումարների հետ է կապված, դրա համար բոլորը թողնում գնում են, ու այդ բեռը մնում է մեր վրա, ու պետությունը փորձում է ինչ-որ բան անել, էլի չի անում։
Ու վերջը մնալու է այս ամեն ինչը մեր ժողովրդի, ապագա սերունդների վրա։ Կամ որ մենք այսօր ապրեցինք, օրինակ՝ հանեցինք այս հանքանյութը, ապրեցինք, բա վաղ մյուս օր մեր երեխաները ի՞նչ են անելու»,-ասում է Նազելի Վարդանյանը։
Դաստակերտում լսել են, թե հանքը հնարավոր է նորից շահագործվի։ Բայց որևէ հստակ տեղեկատվություն չունեն։ Հանքավայրի պաշարների վերագնահատման նպատակով «Էն Էռ Էմ (Նեյչրլ Ռիսորս Մենեջմենթ)» փակ բաժնետիրական ընկերությունն արել է մշտադիտարկում։ Ջրի վերաբերյալ դիտարկում չի արվել,քանի որ մշտական դիտակետերը բացակայում են։
2012թ-ին Դաստակերտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը տրվել էր «Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ-ին։ Վերջինս պարտավորվել էր նաև իրականացնել «1952-1972թթ․ նախկին արտադրամասի վնասազերծման և վերականգնման ծրագիր»՝ ներդնելով 30մլն դրամ։ Սակայն 2020թ. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով դադարեցվել է ընդերքօգտագործման իրավունքը, քանի որ 9,2 տարվա ընթացքում հանքը չի շահագործվել «2013-2018թթ. պղնձի և մոլիբդենի ցածր գնով և հանքի շահագործման տնտեսապես անշահավետությամբ պայմանավորված»։
Վճռաբեկ դատարանը նախորդ տարի վերականգնել է «Մոլիբդենի աշխարհ»-ի՝ Դաստակերտի համար տրված ընդերքօգտագործման իրավունքի ժամկետները։Ընկերությունը դիմել էր դատարան և խնդրել պարտավորեցնել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին ուղղել օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության մեջ տեղ գտած վրիպակը, այն է՝ 9 տարի 2 ամսի ընդերքօգտագործման իրավունքի ժամկետը փոփոխել և սահմանել 12 տարի՝ տրամադրելով դրա վերաբերյալ հրաման։
«Որևէ բնապահպան չկա, որ ասի՝ հանքարդյունաբերությունը Հայաստանում իսպառ պետք է վերանա։ Հակառակը՝ մենք ասում ենք, որ հանքարդյունաբերությունը պետք է զարգանա, բայց օրենքների և բնապահպանական կանոնների համաձայն»,-ասում է «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանը։
Ըստ նրա՝ Հայաստանում չունենք որևէ հանք, որտեղ ամբողջությամբ պահպանվեն բնապահպանական բոլոր նորմերը։
«Ջրերը աղտոտվում են, գումարներ չեն ծախսվում, որպեսզի մաքրող սարքեր դրվեն։ Որևէ դեպք չունենք, որ ռեկուլտիվացիա արվի հանքը լքելուց հետո։ Դրա համար բնապահպանները պահանջում են, որպեսզի այն հանքերը, որոնք միշտ գործել են ու հիմա էլ գործում են, բերվեն օրինական դաշտ, համապատասխանեցվեն այն նորմատիվներին, որոնք պահանջվում են և՛ միջազգային նորմերով, և՛ օրենսդրությամբ։ Ու դրանից հետո մենք խոսենք նոր հանքեր բացելու-չբացելու նպատակահարմարության մասին»,-ասում է Նազելի Վարդանյանը։
Եղեգիս համայնքը ընդդեմ Վարդենիսի հանքերևակման ծրագրի
Զբոսաշրջային կլաստեր ճանաչված Եղեգիս համայնքը կարող է կորցնել իր գրավչությունը։ Հյուրանոցային բիզնեսի ներկայացուցիչներն ու բնակիչները դեմ են,որ երկրաբանահետազոտական աշխատանքներ կատարվեն Վարդենիսի ոսկի-բազմամետաղների հանքերևակման տեղամասում, քանի որ այն վտանգելու է տարածաշրջանի ջրային ռեսուրսները։
«Մենդիա Ռեսուրսիս» ընկերությունը ցանկանում է երկու տարով (2026–2028 թթ.) երկարաձգել Վայոց ձորի մարզի Վարդենիսի ոսկի-բազմամետաղների հանքերևակման տեղամասում կատարվող երկրաբանահետախուզական աշխատանքների ժամկետը։
«Եթե ջուրը պղտորվեց , այստեղ եւ գյուղատնտեսությունն է մեռնելու, եւ բոլոր հյուրանոցային, զբոսաշրջային ծառայություններն են տուժելու, ու շատերը փակման առաջ են կանգնելու»,- ասում է «Արև» հյուրատան հիմնադիր Գևորգ Գասպարյանը։
Բացի այդ․ «Լոգիկան չեմ հասկանում Համաշխարհային բանկը ինչու պետք է այդքան միլիոն գումար ներդնի ու միաժամանակ կողքը հանք բացվի»։
Օրեր առաջ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ շուտով կկնքեն նոր վարկային համաձայնագիր Համաշխարհային բանկի հետ, որի արդյունքում Հայաստանը զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման համար նախատեսում է 100 միլիոն դոլարի ներդրում։ Նախարարի խոսքով՝ ծրագրի շրջանակում առանձնահատուկ տեղ է տրվելու Եղեգիս համայնքին, որտեղ կստեղծվի ագրոկլաստեր՝ միավորելով գյուղատնտեսական արտադրությունը և էկո-զբոսաշրջությունը։
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանն ասում է, հանքարդյունաբերությունը մեծ վնաս կհասցնի նաև կենսաբազմազմազանությանը․ այստեղ Կարմիր գրքում ներառված բույսեր և կենդանիներ կան, վայրի տանձի 14 տեսակ կա։ Այս տարածքները կարևոր են նաև Կարմիր գրքում գրանցված արջերի բնադրման համար։ «Ամենամեծ վտանգը, որն ամբողջ Հայաստանին է սպառնում, ջրերն են, որովհետև այդ նույն ստորգետնյա ջրերը խառնվելու են Արփային ու թափվելու են Սևանա լիճ»,-ասում է նա։
Հյուրատներից մեկի տնօրեն Կարեն Քարամյանն էլ հիշեցնում է, որ այս ջրով են ոռոգվում Արենի խոշորացված համայնքի այգիները, ու սա մեծ վնաս կհասցնի նաև գինեգործությանը․ «Մենք աշխարհին ներկայանում ենք մեր օրգանիկ գինով, ու կողքը հանք ենք բացում»։
Հոկտեմբերի 27-ին, կայացած արտահերթ նիստում Վայոց ձորի Եղեգիսի ավագանին դեմ է քվեարկել «Մենդիա ռեսուրսիս» ՍՊԸ-ի ՀՀ Վայոց ձորի մարզի Վարդենիսի ոսկի-բազմամետաղների հանքերեվակման տեղամասում կատարվող երկրաբանահետախուզական աշխատանքների ժամկետի երկարաձգմանը համաձայնություն տալու մասին որոշման նախագծին։ Սակայն մտահոգությունները կմնան մինչև կլինի համապատասխան նախարարությունների կողմից վերջնական որոշում։
Վտանգավոր Զարգացումներ
Վայոց Ձորը միակ մարզն է, որտեղ այս պահին որևէ հանք չի շահագործվում։ Սակայն, Նազելի Վարդանյանի խոսքով, այն հայտնվել է «թիրախում»․
«Եղեգիսում լսումներ են անում, ուզում են այդտեղ ուսումնասիրություններ անել բազմամետաղյա հանքի համար։ Ինը տարի է՝ Գլաձորում է պայքար գնում բազմամետաղյա հանքի դեմ, Ազատեկի ոսկու հանքի հետ կապված մի քանի լսում է եղել, ու էլի շարունակվում է պայքարը։ Այս տարի Զառիթափում լսումներ եղան, դրական եզրակացություն տվեցին. ձուլարան են ուզում դնել ու այդ ամբողջ հանքաքարը բերեն այդտեղ ձուլեն և կորզեն»։
Այս ամենը իր բացասական ազդեցությունը կունենա մարզի զբոսաշրջային ուղիների զարգացման ու գինեգործության վրա․ «Մենք խոսում ենք ինչ-որ մի ոլորտի մասին, որը դեռ չկա, ու մենք տեսնում ենք՝ ինչքան թերություններ ունի։ Ու այդ ոլորտը, որ դեռ պետք է ինչ-որ մի օգուտ բերի, դրա հաշվին վերացնում ենք կայացած ու բրենդային դարձածը. այսինքն` Ջերմուկն ենք վերացնում, Արենիի գինին՝ մյուս արտադրողների շահերի հաշվին»։
Իսկ Վայոց Ձորում հանքերի շահագործումը ինչպե՞ս կազդի Սևանա լճի վրա՝ հարցին բնապահպանը պատասխանում է․
«Վայոց Ձորը հենց Սևանա լճի ջրհավաք ավազանն է համարվում։ «Սևանա լճի մասին» օրենքի համաձայն՝ Կեչուտի ջրամբարը, Սպանդարյանի ջրամբարը ( Սյունիքում է), Որոտան և Արփա գետերը հանդիսանում են Սևանի ջրհավաք ավազան։ Եվ համաձայն այդ օրենքի՝ արգելված է ցանկացած տնտեսական գործունեություն, որը բացասական ազդեցություն կունենա Սևանա լճի վրա։
Հիմա փաստորեն Ամուլսարը ուղիղ գտնվում է Սևանա լճի ջրհավաք ավազանում, որտեղ ըստ օրենքի արգելված է հանքարդյունահանությունը։ Եվ պատահական չի, որ 2012 թվականին Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը (որը հենց օրենքով է նախատեսված, որ իրենց համաձայնությունը պարտադիր է, այն ժամանակ Վլադիմիր Մովսիսյանն էր նախագահը), բացասական եզրակացություն է տվել։
Չորս կետ է գրել. առաջինը՝ որ սեյսմիկ բարձր գոտի է՝ 10 բալանոց, երկրորդը՝ սողանքների մեծությամբ սողանքային գոտի է, որ հնարավոր չի կանխել այդ ռիսկերը, երրորդ՝ թթվային դրենաժը և չորրորդ՝ ռադոնի քանակը օդում 400 բեքերել/խմ է, որը 20 անգամ գերազանցում է նորման։ Այսինքն՝ սա նշանակում է, որ եթե այս հանքերը սկսեն աշխատել, այստեղ նույնիսկ օդ չենք ունենալու շնչելու։ Իսկ բարձրադիր շրջանում, մանավանդ Ջերմուկում՝ 2100 մետրի վրա, առանց այդ էլ թթվածնի պակաս կա, ու դա կոմպենսացվում է միայն մաքուր օդով՝ այս որ մաքուր է, փոշի չկա, ծառեր կան և այլն։ Հիմա, եթե այդ օդն էլ աղտոտվի, այս մարդիկ ընդհանրապես այստեղ չեն կարող ապրել»,- պատասխանեց Նազելի Վարդանյանը։