Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo (10)
A A
Պաշտոնական

Վստահ եմ` մենք դեռ միասին երկարատև պատմություն ենք կերտելու․ Ալեն Սիմոնյանի ողջույնի խոսքը Կիպրոսի Ազգային տոնի կապակցությամբ (տեսանյութ)

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցել է Կիպրոսի Հանրապետության անկախության 65-ամյակին նվիրված ընդունելությանը: ՀՀ ԱԺ նախագահը հանդես է եկել շնորհավորական ուղերձով: 
 
«Հարգելի՛ դեսպան,
 
Ձե՛րդ գերազանցություններ,
 
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
 
Սրտանց շնորհավորում եմ Կիպրոսի Հանրապետության Ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ՝ խաղաղություն ու բարգավաճում ցանկանալով բարեկամ Կիպրոսի ժողովրդին: Այս առանձնահատուկ օրն արժևորում է Ձեր երկրի ինքնիշխանությունը և Կիպրոսի ժողովրդի անսասան ոգին իր ազատությունն ու ժողովրդավարական ձգտումները պաշտպանելու հարցում:
 
Կիպրոսի հետ հարաբերություններն առանձնակի նշանակություն ունեն մեր ժողովուրդների համար:
 
Անցած տասնամյակների ընթացքում Հայաստանին և Կիպրոսին հաջողվել է զարգացնել ու խորացնել միջպետական հարաբերությունները: Այժմ էլ երկու երկրների միջև ընթանում է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն` բազմոլորտ  երկկողմ օրակարգով:
 
Հայ-կիպրական հարաբերությունների զարգացումը շարունակական վերընթաց է ապրել, ինչն ընդգծվել է բարձրաստիճան փոխայցելություններով, միջազգային հարթակներում միմյանց աջակցությամբ, ինչպես նաև երկու երկրների միջև քաղաքական ու տնտեսական ակտիվ երկխոսությամբ:
 
Հայաստանը և Կիպրոսը մշտապես աջակցել են միմյանց տարբեր հարցերի շուրջ: Կիպրոսը միշտ կանգնած է եղել Հայաստանի կողքին դժվար պահերին և իր աջակցությունն է հայտնել Հայաստանին ու  հայ ժողովրդին:
 
Հարգելի՛ ներկաներ,
 
Հաջորդ տարի, երբ Կիպրոսը կստանձնի ԵՄ խորհրդի նախագահությունը, Հայաստանը մայիսի սկզբին կհյուրընկալի Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը: Մենք պետք է սերտորեն համագործակցենք մեր ընդհանուր նպատակներն առաջ մղելու համար:
 
Գոհունակությամբ պետք է արձանագրենք, որ երկու երկրներում ռեզիդենտ դեսպանատների բացումը նշանակալի առաջընթաց է մեր հարաբերություններում, ինչը կնպաստի նոր ձեռքբերումների այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, բարձր տեխնոլոգիաները, զբոսաշրջությունը, կրթությունը և այլն:
 
Ջերմ և ակտիվ է նաև երկու խորհրդարանների միջև համագործակցությունը, որի վկայությունն այս տարվա մայիսի 19-ին Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի և իր գլխավորած պատվիրակության? Հայաստան այցելությունն էր, միջխորհրդարանական հանձնաժողովների միջև առկա ակտիվ երկխոսությունը: Արդյունավետ փոխաջակցություն է ծավալվել նաև բազմակողմ ձևաչափում՝ միջազգային խորհրդարանական վեհաժողովների շրջանակում:
 
Երկու ժողովուրդների բարեկամության զարգացման գործում բարձր ենք գնահատում Կիպրոսի հայ համայնքի դերը:
 
Ամփոփելով խոսքս՝ ցանկանում եմ վերահաստատել համատեղ սերտ համագործակցության շահագրգռվածությունն ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային օրակարգի արդի հարցերի շուրջ:
 
Վստահ եմ` մենք դեռ միասին երկարատև պատմություն ենք կերտելու:
 
Թույլ տվեք եւս մեկ անգամ ջերմորեն շնորհավորել Կիպրոսի Հանրապետության Ազգային տոնը:
 
Կեցցե՛ Կիպրոսի Հանրապետությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,- եզրափակել է խոսքը ՀՀ ԱԺ նախագահը: