ՀՀ–ից մեկնած տուրիստական խումբը մնացել է Բեթղեհեմում
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի 17 քաղաքացի, որոնք որպես զբոսաշրջիկ տուրիստական խմբի կազմում մեկնել էին Բեթղեհեմ, չեն կարողանում վերադառնալ Հայաստան։
Նրանք մեկնել հունիսի 10-ին, իսկ վերադարձը նախատեսված է եղել հունիսի 17-ին, սակայն Իրան-Իսրայել հակամարտության պատճառով նրանց վերադարձը առայժմ հնարավոր չէ, հայտնում է Panorama.am-ը։
«Մենք այժմ գտնվում են Բեթղեհեմում։ Այստեղ համեմատաբար անվտանգ է, քանի որ Պաղեստինի տարածքներն են, այստեղ ռմբակոծություններ չեն լինում»,- ասել է Բեթղեհեմում գտնվող 17 քաղաքացիներից Մարթա Պալոյանը։
Նա պարզաբանել է, որ իրենք դուրս գալու և Հայաստան վերադառնալու հնարավորություն չունեն, քանի որ շրջակա տարածքներում շարունակվում են ռմբակոծությունները։
«Մեր տուրիստական կազմակերպությունը զբաղվում է մեր վերադարձի հարցով, արդեն դիմել է դեսպանատուն, արտաքին գործերի նախարարություն, ինչ-որ միջոցներ են ձեռնարկում անվտանգ սահմանն անցկացնելու և Հորդանանով կամ Եգիպտոսով Հայաստան վերադարձնելու համար։ Իրենք պետք է հասկանան, թե որ ճանապարհով է ավելի անվտանգ։
Ինչքան կտևի այդ ամենը, չենք կարող ասել, դեսպանատունն էլ չի կարող պատասխանել։ Բավականին երկար ճանապարհ պետք է անցնենք, վտանգավոր է»,- ասել է Մարթան՝ ընդգծելով, որ ձեռնարկվում են քայլեր իրենց անվտանգ վերադարձն ապահովելու համար։
Նրա խոսքով՝ Բեթղեհեմում միայն իրենց 17 հոգանոց խումբն է գտնվում, Հայաստանից այլ զբոսաշրջիկներ այդտեղ չկան։
«Գտնվում ենք նորմալ հյուրանոցում, ամեն ինչով ապահովված ենք, պատրաստակամ են մեզ օգնել այնքան, ինչքան կգտնվենք այստեղ։ Այստեղի բնակիչների կողմից էլ շատ լավ վերաբերմունքի ենք արժանանում»,- նշել է Պալոյանը։