Բացել լրահոսը Փակել լրահոսը
d621aef9-603a-4b93-bc97-96d4b46c9aa9
A A
Պաշտոնական

ՄԻՊ-ը՝ Գյումրիում և Փարաքարում նախատեսվող ընտրություններին նախորդող խտրականության և հարկադրանքի մասին

Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը նախընտրական գործընթացներում խտրական խոսքի և դրա միջոցով ընտրողներին թեկնածուներից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելուն հարկադրելու անթույլատրելիության վերաբերյալ

 

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ աշխատակազմն իրականացնում է անկախ դիտարկում 2025 թվականի մարտի 30-ին Գյումրի և Փարաքար համայնքներում տեղի ունեցող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ՝ հիմնված անկողմնակալության և քաղաքական չեզոքության սկզբունքների վրա:

Սոցիալական մեդիայի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են հանրային խոսույթում տարածվող խտրականության, անհանդուրժողականության, ինչպես նաև ատելության խոսքի դրսևորման դեպքեր: Ավելին, արձանագրվել են իրավիճակներ, երբ դրանց միջոցով փաստացի փորձ է կատարվում հարկադրել ընտրողներին քվեարկել թեկնածուներից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ, ինչն անթույլատրելի է:

Պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրությունները վկայում են, որ նախընտրական գործընթացների շրջանակներում տարատեսակ հիմքերով հանրության բևեռացման աստիճանը բավականին բարձր է:

Պաշտպանը կարևորում է նախընտրական գործընթացների շրջանակներում հանրային ազատ բանավեճի երաշխավորումը կարծիքի արտահայտման ազատության իրավունքի թույլատրելի շրջանակներում, այլոց իրավունքների և ազատությունների հարգման ու համերաշխության մթնոլորտում՝ ընդգծելով պետության կողմից համապատասխան կառուցակարգերի գործադրման անհրաժեշտությունը հանրային

անհանդուրժողականությունը հաղթահարելու, ատելության խոսքն ու խտրականությունը բացառելու ուղղությամբ։

Միևնույն ժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանը հորդորում է քաղաքական ուժերին, հանրային գործիչներին հանրային խոսույթում ոչ միայն բացառել ատելության խոսքի, վիրավորանքի, անհանդուրժողականության, խտրականության ցանկացած դրսևորում, այլ նաև հակազդել դրանց: Ընդ որում` միջազգային չափանիշների համաձայն` նման պարտականություն կրում են ոչ միայն գործող պաշտոնատար անձինք, այլ նաև յուրաքանչյուր հանրային ու քաղաքական գործիչ:

Ընտրական իրավունքի իրացման կամ ընտրական խախտումների վերաբերյալ բողոքները կարող եք ներկայացնել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ՝ շուրջօրյա անվճար գործող թեժ գծի հետևյալ հեռախոսահամարներով՝ 116 կամ (096) 116 100: