Առաջարկվում է եւս 3 տարի մասնավոր ընկերությունների կողմից թողարկվող արժեթղթերից ստացվող եկամուտներն ազատել եկամտային հարկից
Աջակցիր «Ա1+»-ին2020 թվականին մեր պատգամավոր գործընկերների՝ Արտակ Մանուկյանի եւ Վարազդատ Կարապետյանի հետ օրենսդրական նախաձեռնություն մշակեցինք եւ մասնավոր ընկերությունների կողմից թողարկվող արժեթղթերից ստացվող եկամուտներն ազատեցինք եկամտային հարկից, ինչպես պետական պարտատոմսերի դեպքում է: Նպատակը կապիտալի շուկան զարգացնելն ու խթանելն էր: Արտոնությունն ընդունվել էր ժամանակավոր՝ 4 տարի ժամկետով, որը լրացել է 2024 թվականի դեկտեմբերի 31-ին: Այս մասին ասել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը՝ ԱԺ մարտի 5-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով իր հեղինակած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Հայաստանի Հանրապետության 2020 թվականի հունվարի 24-ի ՀՕ-82-Ն հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը:
Փաթեթի հեղինակն առաջարկել է եւս 3 տարի մասնավոր ընկերությունների կողմից թողարկվող արժեթղթերից ստացվող եկամուտներն ազատել եկամտային հարկից:
Բաբկեն Թունյանը հայտնել է, որ թողարկվող արժեթղթերի ծավալը վերոնշյալ 4 տարի ժամանակահատվածում բազմապատկվել է: Արժեթղթերի ծավալն այդ ընթացքում ոչ թե տոկոսներով է աճել, այլ անգամներով: Այսինքն` սահմանված արտոնությունը եւս դեր է կատարել:
Պատգամավորը նաեւ հայտնել է, որ առաջարկվող փոփոխությունը նախատեսվում է տարածել 2025 թվականի հունվարի 1-ից թողարկվող արժեթղթերի վրա:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Ցիրունյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Կարեւորելով օրենսդրական նախաձեռնությունը` ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը ներկայացրել է Կառավարության դրական կարծիքը, հայտնում են ԱԺ-ից։