«Մարդկանց պետք է բերել դեպի կինո» (տեսանյութ)
Պրոֆեսիոնալ կազմակերպված, շատ գեղեցիկ, պոետիկ փառատոն էր, մթնոլորտն էլ` բարյացակամ ու սիրով հագեցած: Եվ միայն տեխնիկական կողմն էր կաղում,- ասաց «Ա1+»-ին հյուրընկալված, «Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոնի տեխնիկական մասը ապահովող «Ֆիլմպրոեկցիոն» գործակալության տնօրեն Քրիստոֆեր Մոնդտը:
Նրա ղեկավարած գործակալությունը ամեն տարի տեխնիկապես ապահովում է մոտ 22 փառատոն:
«Ձեր ունեցած տեխնիկան լավն է, սակայն երևում է երկար չի վերանորոգվել: Մենք հանձն առանք և կանենք դա»,-ասում է գերմանացի մասնագետը: Ի դեպ, որոշակի տեխնիկա ընկերությունը նվիրելու է Հայաստանին:
Քրիստոֆերը ափսոսում է նաև, որ մեր քաղաքում կինոթատրոնները սակավաթիվ են:
«Այսօր Համբուրգում 15 կինոթատրոն կա, և նրանցից շատերը մինչև 8 կինոդահլիճ ունեն»,-ասում է նա` ավելացնելով, որ, իհարկե, վերջին տարիներին որոշ կինոթատրոններ փակվել են նաեւ այնտեղ:
«Իհարկե, Գերմանիայում էլ այսօր կա կինոթատրոն մարդկանց քիչ հաճախելու խնդիրը, և կան կինոթատրոններ, որ իրենց սնանկ են հայտարարում և փակվում: Ես կարծում եմ, որ հարցը տոմսի արժեքը չի: Այն 6-8 եվրո է, մինչդեռ կոկա-կոլան և պոպքորն ավելի թանկ հաճույք են: Կարծում եմ DVD-ին է փորձում «դուրս մղել» դահլիճային կինոդիտումը, սակայն կինոթատրոն այցն իմ կարծիքով անփոխարինելի զգացմունք է»,- ասաց «Ֆիլմպրոեկցիոն» գործակալության տնօրենը:
Մարդկանց պետք է բերել դեպի կինո, և կինոփառատոններն այս առումով ևս իրենց մեծ, լուսավորչական դերն ունեն կատարելու, -համոզված է Քրիստոֆեր Մոնդտը:
«Ոսկե ծիրան»-ի մասին տեղեկացել է երկու տարի առաջ: Շատ գոհ է իր այցելությունից և հաջորդ տարի էլ, անպայման, կմասնակցի:
«Էկզոտիկ երկիր ունեք,- ասաց Քրիստոֆերը: Սակայն իմ մտերիմներից շատ-շատերը Հայաստանի մասին տեղեկացված չեն և ես հարկադրված եմ քարտեզի վրա ցույց տալ, թե որտեղ է գնվում Ձեր երկիրը: Ասեմ նաև, որ Երևանի ռադիոյի մասին գիտեն գրեթե բոլորը` չիմանալով թե որտեղ է գտնվում այդ քաղաքը»:
Հայաստան երկրի, նաև Հայոց ցեղասպանության մասին նա տեղեկացել է մի քանի տարի առաջ գերմանացի ռեժիսոր Էրիկ Ֆրիդլերի «Աղետ» փաստավավերագրական ֆիլմի դիտումից հետո:
«Քանի որ Համբուրգում մեծաթիվ թուրքեր են բնակվում, և նրանցից ստացված ինֆորմացիան միակողմանի էր, այս ֆիլմը շատ գերմանացիների համար ճշմարտության փաստացի բացահայտում էր ու հայտնություն»,-ասաց Քրիստոֆեր Մոնդտը: