«Այստեղ» ֆիլմը միանշանակ չընդունվեց
«Մոսկվա» կինոթատրոնի լեփ-լեցուն դահլիճում կայացավ ամերիկացի կինոռեժիսոր Բրեյդեն Քինգի «Այստեղ» ֆիլմի երեւանյան պրեմիերան: Ֆիլմը հայ հանդիսատեսին հետաքրքրել էր նաեւ նրանով, որ նկարահանվել էր այստեղ` Հայաստանում: Դահլիճում ներկա էին նաեւ ֆիլմի նկարահանումներին մասնակցություն ունեցած հայ դերասանները:
Երեւանյան պրեմիերային ներկա ֆիլմի ռեժիսոր Բրեյդեն Քինգը մինչ կինոդիտումը նկատեց, որ ֆիլմը իր եւ իր ամբողջ խմբի ճամփորդության նկարագիրն է: «1979 թվականին Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան հարցազրույցներից մեկում իր ֆիլմի մասին ասել է. «Իմ ֆիլմը Վիետնամի մասին չէ, այլ հենց ինքը` Վիետնամն է, ես մի փոքր ձեւափոխելով ռեժիսորի արտահայտությունը կասեմ, իմ ֆիլմը ոչ թե Հայաստանում տեղի ունեցած ճանապարհորդության մասին է, այլ հենց այդ ճամփորդությունն է»:
Ֆիլմում ռեժիսորը մեծ տեղ է տալիս Հայաստանի եւ Արցախի տեսարժան վայրերին ու պատմական կոթողներին, ինչպես նաեւ հայկական կենցաղին:
Ֆիլմը հայ հանդիսատեսի մոտ միանշանակ չընդունվեց: Եթե մի մասը համամիտ էր ռեժիսորի ներկայացրած Հայաստանի հետ, մյուս մասին վիրավորել էր հայ ժողովրդին այդ ձեւով ներկայացնելը: «Մենք քաղաքակիրթ ազգ ենք, իսկ նա մեզ ներկայացրել է որպես հետամնաց խմող եւ կաշառակեր ասիական ցեղ»,- կինոդիտման վերջում ասաց հանդիսատեսներից Ալիսա Վարդանյանը: Մեկ ուրիշն էլ նկատեց, որ բոլոր դեպքերում ֆիլմը դիտելուց հետո օտարերկրացիներին կհետաքրքրի այս երկիրը:
Ֆիլմի սցենարում ընկած էր հայուհու եւ ամերիկացի ճամփորդի սիրո պատմությունը: Ամերիկացի հերոսը` Ուիլը, Հայաստանի հետազոտությունը ղեկավարող արբանյակային քարտեզագրման ինժեներ է, ով Հայաստանում էլ հանդիպում է Կատարինեին` մի հայրենադարձ հայուհու և լուսանկարչուհու: Երկու միայնակ ճամփորդների միջև կապ է ստեղծվում: Ի վերջո, Ուիլը հանգում է այն կարծիքին, թե երկիրն «անպետք տվյալների աղբյուր է, մինչդեռ ըստ Կատարինեի` դա հայրենի տան հետ իր հարաբերությունները վերահաստատելու միջոց է»: