Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կդասավանդվի Եկեղեցու պատմություն

Հասարակություն
aa0f66466253af3cc2fc91ac178f947c

Խ.Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանում տեղի ունեցավ Հայաստանի մանկավարժական բուհերի կոնսորցիումի հերթական նիստը`կոնսորցիումի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի նախագահությամբ:

Նիստում քննարկվեցին Միջբուհական կոնսորցիում հիմնադրամի կարգավիճակը, կանոնադրությունից բխող գործառույթները, նպատակներն ու հեռանկարային զարգացումը:

Քննարկվեցին նաեւ միջբուհական կոնսորցիումի համալսարանների կարգավիճակի բարձրացման եւ միջազգային չափանիշներին համապատասխանեցման վերաբերյալ ՀՀ կառավարությանը ներկայացված առաջարկություններից բխող գործունեության եւ ժամանակացույցին վերաբերող հարցեր:

Հիմնադրամի տնօրեն ընտրվեց հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նաիրա Հոկոբյանը:

2 ժամ տեւած նիստից հետո Կոնսորցիումի անդամները մեկնեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ նրանց ընդունեց Ամենայն Հայոց կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը:

Վեհափառը կարեւորեց մանկավարժական բուհերի գործունեությունը ապագա սերնդի դաստիարակության գործում, եւ ընդգծեց Հայ առաքելական եկեղեցու պատմության դասավանդման անհրաժեշտությունը:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց ստեղծել աշխատանքային խումբ, որը կմշակի մանկավարժական համալսարաններում Հայ առաքելական եկեղեցու պատմության դասավանդման ուսումնական ծրագիր: Դրանով կառաջնորդվեն կոնսորցիումի անդամ բոլոր բուհերը:

Ռուբեն Միրզախանյանը կոնսորցիումի անունից Ամենայն Հայոց Կաթողիկոսին նվիրեց «Բարոյախոսություն ըստ Անուշի» գոբելեն աշխատանքը, որի վրա հեղինակը` ՀՊՄՀ դիզայնի եւ դեկորատիվ կիրառական արվեստի ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Անուշ Եղիազարյանը, աշխատել էր ավելի քան 10 տարի:

Տեղեկացնում է Հայկական պետական մանկավարժական համալսարանի մամլո ծառայությունը: