Արայիկ Հարությունյան․ իրականացվող բարեփոխումներն ամրապնդում են ընտրական գործընթացներն ու հանրային վստահությունը
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ԿԸՀ–ՄԱԿ Զարգացման ծրագրի միջև համագործակցության հուշագրի ստորագրման արարողությանը, որով մեկնարկել է ARTEMIS նախագիծը՝ ուղղված ընտրական համակարգի թափանցիկ և ներառական բարեփոխումներին։
Արայիկ Հարությունյանը նշել է, որ 2018 թվականից ի վեր իրականացված բարեփոխումների շնորհիվ ընտրական գործընթացներն առավել թափանցիկ ու արդար են դարձել։ Նրա խոսքով՝ իրականացվել են ինստիտուցիոնալ փոփոխություններ՝ ուղղված օրինականության ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ պայքարին և ֆինանսական վերահսկողության բարձրացմանը։
Վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդգծել է նաև ԿԸՀ կարողությունների զարգացման կարևորությունը՝ մասնագիտական, տեխնիկական և թվային գործիքների կիրառման միջոցով՝ միջազգային լավագույն փորձի ներառմամբ։
Նրա գնահատմամբ՝ այս քայլերն էապես նպաստում են ընտրական գործընթացների վստահելիության բարձրացմանը։