Բացել լրահոսը Փակել լրահոսը
4G3A0583
A A
Պաշտոնական

Հուշագիր՝ Հայաստանում երեխաների առցանց անվտանգության ապահովման ու թվային գրագիտության բարձրացման վերաբերյալ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և «Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ ուղղված Հայաստանում երեխաների առցանց անվտանգության ապահովմանն ու թվային գրագիտության բարձրացմանը։

Հուշագրի շրջանակում կողմերը համատեղ ջանքեր կգործադրեն «Ուղի՝ երեխաների պաշտպանությունն առցանց ռիսկերից և վնասներից» ծրագրի իրագործման նպատակով։

Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը և «Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմեն Չոբանյանը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել միջգերատեսչական հաջող համագործակցության համար. «Այսօր կիբեռանվտանգությունը դառնում է ժամանակակից աշխարհի ամենալուրջ մարտահրավերներից մեկը, և պատշաճ գործիքակազմերի ներդրումը, մարդկային կարողությունների զարգացումն ու համակարգային մոտեցումը մեզ կմոտեցնեն պաշտպանվածության ավելի բարձր մակարդակի: Մենք այս ուսումնական տարին անվանել ենք «Ապահով և անվտանգ կրթական միջավայրի տարի»: Հետևողական ջանք ենք ներդնում դպրոցներում մեծացնելու իրազեկվածությունը՝ կիբեռանվտանգության և վիրտուալ տարածքում հիգիենայի կանոնների պահպանման վերաբերյալ»:

Նրա խոսքով՝ կրթական համակարգի գլխավոր մարտահրավերը տեխնոլոգիաների ճիշտ կիրառումն է. մեդիագրագիտության ու կիբեռգրագիտության դասընթացները և նախագծային աշխատանքները հնարավորություն են տալիս դպրոցներում քննարկելու հնարավոր վտանգներն ու ռիսկերը՝ բարձրացնելով նաև

իրազեկվածությունը. «Մենք պետք է կարողանանք գտնել տեխնոլոգիաները կրթական համակարգում գրագետ օգտագործելու ձևերը, որովհետև ակնհայտ է՝ տեխնոլոգիական կրթությունը և տեխնոլոգիական գրագիտությունը դառնում են ժամանակակից մարդու գրագիտության չափանիշ, և այդ գիտելիքը պետք է դարձնենք ամենօրյա գիտելիքի բաղադրիչ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Կիբեռանվտանգության և կիբեռգրագիտության ուղղությամբ արվող աշխատանքների համար, ըստ Ժաննա Անդրեասյանի, լավ հիմք կարող են համարվել «Արմաթ» խմբակները, որոնք արդեն իսկ ձևավորված են դպրոցների մեծ մասում: Այս համատեքստում նախարարը կարևորել է նաև կիբեռանվտանգության պարտադիր խմբակի կամ դասընթացի մշակման նախագիծը, որը կարող է իրականացվել գործընկերների հետ համագործակցությամբ:

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, առանձնակի կարևորելով երեխաների, դեռահասների, երիտասարդների կիբեռպաշտպանությունը պատշաճ կերպով կազմակերպելու հարցը, նշել է. «Հուշագրի ստորագրումն անչափահասների պաշտպանության, կիբեռանվտանգության, կիբեռգրագիտության համատեքստում ամիսներ արվող աշխատանքների տրամաբանական շարունակությունն է: Կառավարության հանձնառությունն է՝ տեղային և միջազգային գործընկերների աջակցությամբ շատ արագ և սթափ արձագանքել աշխարհում տեղի ունեցող դինամիկ տեղաշարժերին, որոնք պայմանավորված են տեխնոլոգիաների արագընթաց զարգացմամբ: Մենք նաև պատասխանատվություն ենք կրում մեր երեխաների կիբեռպաշտպանության համար»:

Հուշագրի շրջանակում «Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմեն Չոբանյանը և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը ստորագրել են ֆինանսավորման համաձայնագիր։

Նրանք ևս հանդես են եկել ելույթի խոսքով՝ մերօրյա մարտահրավերներին դիմակայելու նպատակով կարևորելով ջանքերի համախմբումը և պատշաճ պատրաստվածությունը:

Նշենք, որ անչափահասների առցանց անվտանգության և պաշտպանության ապահովման աշխատանքների համակարգման նպատակով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հրամանով 2025 թվականի ապրիլին ստեղծվել է աշխատանքային խումբ։ Խմբի ղեկավարը ԲՏԱ նախարարն է. կազմում ընդգրկված են ԿԳՄՍ, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Առողջապահության, Արդարադատության և Ներքին գործերի նախարարների տեղակալները, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը։

 

ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ