Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հունգարիայում ավելի արագ են խաղում»

Սպորտ
d86d7538dc4acfb8327c9b688712393e

Երեւանի «Ուլիսի» մարզական տնօրեն Սլավա Սարգսյանի Եվրոպայի լիգայի որակավորման 1-ին փուլի խաղում թիմի կրած պարտությունն առաջին հերթին բացատրում է մրցակցի խաղամակարդակով:

«Բուդապեշտի «Ֆերենցվարոշը» ներկայումս համալրված է բարձրակարգ խաղացողներով: Հատկապես լավ տպավորություն թողեցին բրազիլացի լեգեոնականները: Դաշտի տերերը շատ արագ էին վարվում գնդակի հետ, արագ էին մտածում, արագ էին կողմնորոշվում: Հանդիպումը ցույց տվեց, որ Հունգարիայի առաջնությունում թիմերը ավելի արագ են խաղում, քան մեր մոտ»:

Սլավա Սարգսյանը կարծում է, որ «Ֆերենցվարոշի» հետ խաղում ամենավճռական պահը դարձավ առաջին խաղակեսի վերջին րոպեն, երբ «Ուլիսին» չհաջողվեց իրացնել 11 մ հարվածը:

«Եթե Արտյոմ Ադամյանին հաջողվեր գրավել դարպասը, ապա հանդիպումը այլ ընթացք կստանար: Ավաղ, դարպասապահը կռահեց հարվածի ուղղությունը եւ հետ մղեց գնդակը: Բոլորը գիտեն, թե եվրոգավաթների ժամանակ ինչ կարեւոր նշանակություն ունի մրցակցի հարկի տակ խփած գոլը: Երկրորդ խաղակեսում զգացնել տվեց «Ֆերենցվարոշի» ֆուտբոլիստների ֆիզիկական ավելի բարձր պատրաստվածությունը, որոնք մինչեւ վերջ խաղի բարձր տեմպ պահպանեցին»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ «Ուլիս» - «Ֆերենցվարոշ» պատասխան խաղը տեղի կունենա հուլիսի 7-ին, «Հրազդան» մարզադաշտում: «Ուլիսի» մարզական տնօրենը նշեց, որ թիմի մարզիչներն ամեն ինչ անում են ֆուտբոլիստներին լավ պատրաստելու համար:

«Մենք խաղալու ենք միմիայն հաղթանակի համար: Ճիշտ է, շատ դժվար կլինի, բայց հուսով ենք, որ մեզ կօգնեն սեփական պատերը եւ ...երեւանյան շոգ եղանակը»: