Բացել լրահոսը Փակել լրահոսը
Զվարթնոց օդանավակայան
A A
Պաշտոնական

Հնդկաստանի, Իրաքի և Եգիպտոսի քաղաքացիների՝ ՀՀ մուտքը կխստացվի

Հնդկաստանի, Իրաքի և Եգիպտոսի քաղաքացիների համար կխստացվեն ՀՀ տարածք մուտք գործելու ընթացակարգերը։ Այս որոշումը կառավարությունն ընդունեց իր այսօրվա՝ հոկտեմբերի 24-ի նիստում:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «Առաջարկվում է այս երկրների քաղաքացիներին էլեկտրոնային վիզաներ տրամադրել ԱՄՆ–ի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Կորեայի, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Կանադայի, Ռուսաստանի, Ճապոնիայի, Եվամիության, Շենգենյան համաձայնագրի երկրների և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրների ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակի (կամ վավեր մուտքի վիզայի) առկայության պարագայում: Նշված երկրների քաղաքացիներին վիզա կտրամադրվի նաև վերադարձով ինքնաթիռի տոմսի առկայության դեպքում»:

Հաջորդ պահանջը ՀՀ մուտք գործել ցանկացող օտարերկրացու ներկայացրած հրավերն է ՀՀ–ում գործող իրավաբանական անձի, պետական մարմնի, օտարերկրյա պետության դիվանագիտական ներկայացուցչության կամ միջազգային կազմակերպության կողմից (հայտագիր, նամակ, միջնորդություն)։
 

Էլեկտրոնային վիզա ստանալու նախապայման է սահմանվում առողջապահական (ճամփորդական) ապահովագրության առկայությունը, քանի որ ՀՀ առողջապահության նախարարության կողմից Հնդկաստանի մի շարք քաղաքացիների մոտ արձանագրվել են տուբերկուլյոզի հաստատված դեպքեր։

Նշվում է, որ ՀՀ մուտքի այցելության վիզայով ՀՀ ժամանող օտարերկրացիների գերակշիռ մասը հետագայում դիմում են ուսման, աշխատանքային կամ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հիմքով կացության կարգավիճակ ստանալու համար։ Այդ պատճառով, եթե օտարերկրացին ՀՀ մուտքի վիզա ստանալու համար լրացվող դիմում–հարցաթերթիկում այցելության նպատակը դաշտում նշում է այս կատեգորիաները, դա որոշակի նշանակություն կարող է ունենալ կացության կարգավիճակ տալու վարույթների ուսումնասիրության պրոցեսում։

Նախագծի նպատակն է կանխել դեպի ՀՀ անօրինական միգրանտների հոսքը, որը բերում է մի շարք բացասական հետևանքների, այդ թվում` հանցագործությունների թվի աճի։

Նշվում է, որ մեծանում է անօրինական միգրանտների՝ ՀՀ տարածքը դեպի եվրոպական երկրներ տեղաշարժվելու համար տարանցիկ գոտու վերածելու հավանականությունը, ինչը խիստ բացասաբար կարող է անդրադառնալ ԵՄ–ի հետ վիզաների ազատականացման գործընթացի վրա:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միգրացիոն հոսքերի ընթացիկ իրավիճակի ուսումնասիրության արդյունքներով` 2024 թ. հունվարի 1–ից մինչև օգոստոսի 28–ն ընկած ժամանակահատվածում ՀՀ են ժամանել և ներկայում ՀՀ–ում անօրինական բնակվում են Հնդկաստանի 11 965, Եգիպտոսի 658 և Իրաքի 255 քաղաքացիներ։