Բացել լրահոսը Փակել լրահոսը
տաթեւիկ
A A
Քաղաքականություն

Ինչպե՞ս խուսափել արտաքսումից և «սև ցուցակներից»

Ռուսաստանում հայ միգրանտների նկատմամբ նոր խստացումներ կլինե՞ն ԵՔՀ երեւանյան գագաթնաժողովից հետո, որին մասնակցեց նաեւ Ուկրաինայի նախագահը։ 

«Եթե դուք այդ հարցը ինձ տաք 2 շաբաթ հետո, ես ձեզ կպատասխանեմ։ Այն, ինչ ասեմ հիմա, ընդամենը կլինի ենթադրություն։ Իսկ ես ենթադրություններ չեմ սիրում անել»,- լրագրողի հարցին իր պատասխան ասում է «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի միգրացիոն հարցերի փորձագետ Տաթեւիկ Բեժանյանը։

Միգրացիոն քարտն ու կնիքը

Ռուսաստանի Դաշնության միգրացիոն նոր օրենսդրության համաձայն՝ միգրացիոն քարտի վրա համապատասխան կնիքի (շտամպի) առկայությունը խիստ անհրաժեշտ պայման է երկրում օրինական մնալու համար։ Եթե նախկինում միգրացիոն քարտերը տրվում էին անժամկետ, ապա այժմ դրանք տրվում են միայն 90-օրյա ժամկետով։

Եթե օտարերկրացին ունի Ռուսաստանում 90 օրից ավել մնալու օրինական հիմք (օրինակ՝ աշխատանքային պայմանագիր կամ հանդիսանում է աշխատանքային միգրանտի ընտանիքի անդամ), նա պետք է միգրացիոն քարտը ներկայացնի իր հաշվառման վայրի տարածքային միգրացիոն ծառայություն։ Քարտի հետևի մասում պետք է պարտադիր կնիք խփվի, որը հաստատում է գտնվելու ժամկետի երկարաձգումը։

 Առանց այդ կնիքի, անգամ եթե անձը ունի մեկ տարվա աշխատանքային պայմանագիր, նա իրավունք չունի 90 օրից ավել մնալ Ռուսաստանում։ Կնիքի բացակայությունը կարող է հանգեցնել անձին «Վերահսկվող անձանց ռեեստրում» ներառելուն և հետագայում մուտքի արգելքի սահմանմանը։

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի միգրացիոն հարցերի փորձագետ Տաթեւիկ Բեժանյանն ասում է` տարբեր ծառայություններում սկզբնական շրջանում իրազեկված չեն եղել այս պահանջի մասին և չեն խփել անհրաժեշտ կնիքը, ինչի պատճառով հարյուրավոր քաղաքացիներ հայտնվել են խնդիրների առաջ։

Նա խորհուրդ է տալիս` խիստ հետևողական լինել, որպեսզի 30-օրյա ժամկետում բոլոր գործողությունները (հաշվառում, բուժզննում, պայմանագրի կնքում) կատարելուց հետո միգրացիոն քարտի վրա անպայման հայտնվի համապատասխան նշումը։

2022 թվականից սկսած՝ ռուս-ուկրաինական պատերազմին զուգահեռ, Ռուսաստանի Դաշնությունն էապես խստացրել է իր միգրացիոն օրենսդրությունը՝ այդ բացատրելով անվտանգության նկատառումներով։

Այս փոփոխություններն ուղիղ ազդեցություն ունեն Հայաստանից մեկնող աշխատանքային միգրանտների վրա, որոնց թիվը, ըստ մասնագիտական դիտարկումների, արդեն նվազել է շուրջ 30%-ով։ Կոնկրետ թիվ չկա։  Ըստ Բեժանյանի՝  մինչ խստացումները տարեկան Հայաստանից   Ռուսաստան 100000 աշխատանքային միգրանտ է մեկնել։

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի միգրացիոն հարցերի փորձագետ Տաթեւիկ Բեժանյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրել է խնդիրները,որոնց կարող են բախվել հայ միգրանտները, եթե հաշվի չառնեն փոփոխությունները։

Ոստիկանության բացարձակ լիազորություն

2025 թվականի փետրվարի 5-ից ՌԴ ոստիկանությանը տրվել է բացարձակ լիազորություն՝ օտարերկրացուն մինչև 48 ժամ կալանավորելու և ստուգելու համար, եթե կա նույնիսկ փոքր կասկած վարչական խախտման վերաբերյալ։ Ավելին, ոստիկանությունն այժմ իրավունք ունի առանց դատարանի որոշման արտաքսել օտարերկրացուն երկրից։ 

«Վերահսկվող անձանց ռեեստր»

Ռուսաստանում ստեղծվել է հատուկ ռեեստր, որտեղ հայտնվելու դեպքում անձի գրեթե բոլոր իրավունքները դադարում են գործել։ Շահառուն այլևս չի կարող օգտվել բանկային հաշիվներից կամ գործարքներ անել, գնել կամ վաճառել գույք, երկարացնել աշխատանքային պայմանագիրը կամ հաշվառումը, գրանցել ամուսնություն կամ երեխայի ծնունդ։

Ընդ որում` ռեեստրում հայտնվածների շուրջ 40%-ը որևէ իրական խախտում չի ունեցել, սակայն համակարգային սխալների պատճառով հայտնվել է այդտեղ։

Ռեեստրից դուրս գալու միակ հուսալի տարբերակը սահմանը հատելն ու Հայաստան վերադառնալն է՝ մինչև մուտքի պաշտոնական արգելք դնելը։

Մուտքի արգելք ունեցող վարորդներին արտոնությունը չի վերաբերում

Չնայած փորձերին՝ հասնելու վարորդների անժամկետ գտնվելուն (համաձայն Չիկագոյի կոնվենցիայի), ռուսական կողմը համաձայնել է միայն տարվա մեջ 180 օր գտնվելու տարբերակին ։ Այս նոր կարգը ուժի մեջ է մտնելու 2026 թվականի հունիսի 30-ից, իսկ մինչ այդ վարորդների վրա դեռևս տարածվում է ընդհանուր 90-օրյա ռեժիմը ։  Մոսկվան վերանայել է կրճատված 90-օրյա ժամկետը մայիսի սկզբին,   բայց բազմաթիվ բեռնափոխադրողներ արդեն տուժել են։

Ըստ Տաթեւիկ Բեժանյանի՝ առնվազն 65 վարորդ ստացել է 5 տարով մուտքի արգելք՝ ընդամենը մի քանի օրով 90-օրյա ժամկետը գերազանցելու պատճառով ։

Անցյալ տարվա վերջին երեք ամսում աջակցության համար դիմած 314 վարորդներից 250-ը հայտնվել են Վերահսկվող անձանց ռեեստրում ։ ՀՀ ԱԳՆ-ի, ՆԳՆ-ի և ԵԱՏՄ գործընկերների համագործակցությամբ հաջողվել է նրանց հանել ռեեստրից՝ պայմանով, որ նրանք 2025 թվականին այլևս չեն մեկնի ՌԴ, քանի որ նախորդ տարվա սահմանաչափը սպառել էին ։ Ի դեպ, նոր արտոնյալ պայմանները (180 օրը) չեն վերաբերում այն վարորդներին, ովքեր արդեն ունեն գործող մուտքի արգելք ։ Բացի այդ, քանի որ սահմանին հանձնվում են մատնահետքեր, տվյալների փոփոխությամբ կրկին մուտք գործելն անհնար է ։

Աշխատանքային պայմանագիր և աշխատավարձի թակարդ

ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների համար 90 օրից ավել մնալու միակ հիմքը աշխատանքային կամ ծառայությունների մատուցման պայմանագիրն է։

Սակայն այստեղ կա կարևոր նրբություն. պայմանագրում նշված աշխատավարձը պետք է ճշգրիտ համապատասխանի բանկային քարտին նստող գումարին։

Եթե քարտին ավելի շատ գումար է նստում, քան նշված է պայմանագրում, անձն անմիջապես հայտնվում է ռեեստրում և ստիպված է լինում ապացուցել, որ այդ գումարը չի ստացել Ուկրաինայից կամ չի թաքցրել հարկերը։

Թվային վերահսկողություն

2026 թվականի հունիսի 30-ից RuID (Ռու-այդի) հավելվածը դառնալու է պարտադիր բոլորի համար՝ անկախ այցի նպատակից։ Մուտքից 72 ժամ առաջ անձը պետք է լրացնի իր տվյալները և ստանա QR կոդ։ Մոսկվայում և Մոսկվայի մարզում գործում է նաև «Ամինա» ծրագիրը, որը գեոլոկացիայի միջոցով հետևում է միգրանտի տեղաշարժին։ Եթե անձը 3 օրից ավել չի բնակվում գրանցման հասցեում, նրան սպառնում է արտաքսում։

Տաթեւիկ Բեժանյանը խորհուրդ են տալիս ունենալ երկու հեռախոս՝ մեկը միայն այս հավելվածների, մյուսը՝  օրինակ` VPN-ով սոցցանցերից օգտվելու համար, քանի որ VPN-ը կարող է խափանել վերահսկողական ծրագրերի աշխատանքը։

Դպրոցականների համար՝ ռուսերենի խստագույն քննություն

2025 թվականի ապրիլի 1-ից օտարերկրացի երեխաները դպրոց ընդունվելու համար պետք է հանձնեն ռուսերենի քննություն։ Ընդունվելու համար անհրաժեշտ է ճիշտ պատասխանել հարցերի 90%-ին։ 2-11-րդ դասարանցիների համար քննությունը և՛ բանավոր է, և՛ գրավոր։

Սա արդեն հանգեցրել է նրան, որ շատ հայ ընտանիքներ վերադառնում են Հայաստան, քանի որ չեն կարողանում երեխաներին տեղավորել դպրոցներում։

Բժշկական ստուգումներ

Մուտք գործելուց հետո 30 օրվա ընթացքում միգրանտը պարտավոր է անցնել վճարովի բուժզննում (6,000-19,000 ռուբլի)։

Ինֆեկցիոն հիվանդությունների կամ արյան մեջ թմրանյութի հայտնաբերման դեպքում դրվում է անժամկետ մուտքի արգելք և անձն արտաքսվում է։

Աջակցության հնարավորություններ

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի «Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի միգրանտների աջակցության ծրագիրը»  տրամադրում է  խորհրդատվություն և իրավաբանական օգնություն։  

«Մենք տեղում տրամադրում ենք իրավաբանական ուղիղ աջակցություն՝ ընդհուպ մինչև դատարանում նրանց իրավունքների պաշտպանությունը, եթե այդ գործը վարչական խախտում է և խախտված է միգրանտի իրավունքը։ Եթե միգրանտը քրեական հանցագործություն է արել, մենք նրա իրավունքները չենք պաշտպանում։ Այսինքն՝ մենք պաշտպանում ենք այն մարդուն, ում իրավունքն է խախտվել, ոչ թե ինքն է ինչ-որ մեկի իրավունքը խախտել»,-շեշտում է Տաթեւիկ Բեժանյանը, որը բազմաթիվ զանգեր է ստանում աշխատանքային միգրանտներից։

Բացի այդ Բեժանյանը խորհուրդ է տալիս՝ մինչև մեկնելը ճշտել բոլոր նոր կանոնները, քանի որ սահմանապահն այժմ ունի իրավունք՝ նույնիսկ ստուգելու  հեռախոսը,  «լայքերը» և արգելելու մուտքը, եթե  համարի` դրանք հակասում են ՌԴ անվտանգության շահերին։ 

Մեդիա տուր

Մայիսի 8-9-ին «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի «Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի միգրանտների աջակցություն» ծրագրի շրջանակում կազմակերպվել էր երկօրյա մեդիա տուր Հայաստանի Տավուշի մարզում՝ նպատակ ունենալով խորացնել միգրացիոն թեմաների լուսաբանումը և բարձրացնել հանրային իրազեկվածությունը աշխատանքային միգրացիայի, միգրանտների իրավունքների և համայնքային զարգացման հարցերի շուրջ։ Նյութը պատրաստվել է հենց այդ տուրի ընթացքում։